17:33 | 10.10.17 | Նորություններ | 7354

Հայտնի են Hacking for Humanity հաքաթոնի հաղթողները

Հայտնի են հոկտեմբերի 7-8-ը կայացած մարդասիրական ուղղվածության սոցիալական նորարարության հաքաթոնի՝ Hacking for Humanity-ի հաղթողները:

Հաքաթոնը կազմակերպվել էր առաջին անգամ՝ Girls in Tech Հայաստանի կողմից՝ ISTC-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ USAID-ի հետ համագործակցությամբ:

Հաքաթոնին մասնացկել է 12 թիմ Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Լոռիից, Վայոց Ձորից, Արմավիրից: Գլխավոր նախապայմանը թիմերում առնվազն 50% կանանց եւ աղջիկների մասնակցությունն էր:

Ներկայացված գաղափարները շատ տարբեր բնագավառների խնդիրներ էին վեր հանել՝ առողջապահությունից մինչեւ բնապահպանություն, կրթությունից մինչեւ տուրիզմ եւ կանանց իրավունքներ։ Արդյունքում հաղթող ճանաչվեցին թիմերից 6-ը, որոնք իրենց գաղափարն իրականացնելու համար ստացան տարբեր ֆինանսական եւ ոչ ֆինանսական մրցանակներ։

Գլխավոր մրցանակը՝ 1 000 000 դրամը, հանձնվել է #HostingForHumanity թիմին, որը պատրաստվում է տուրիզմի զարգացմանը նպաստել հյուրընկալ ընտանիքների եւ մշակութային փորձառության միջոցով:

Կանանց գործարարության մրցանակ 600 000 դրամը ստացել է #Pepen թիմը՝ Արմավիրի Այգեկ գյուղից, ովքեր կրթական ստեղծագործ ծրագիր են իրականացնում՝ իրենց ստեղծած  խաղալիքները բջջային հավելվածի օգնությամբ անիմացիայի վերածելու միջոցով։ Նույն թիմը հաղթել է նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հատուկ մրցանակներից մեկը՝ ISTC co-working տարածքի եռամսյա անվճար օգտագործման հնարավորություն։

ՁԻՀ-ի մյուս հատուկ նվերը բաժին է հասել Վանաձորի ավագ դպրոցներից մեկի ռոբոտաշինության խմբակի սաներին, որոնք իրենց գաղափարը Երեւան էին բերել ուսուցչուհու հետ միասին: #Help թիմը հնարավորություն է ստացել երկու ամիս անվճար օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի co-working տարածքը։

Սան Ֆրանցիսկոյում գործող Founder Institute հեղինակավոր startup աքսելերացիայի ծրագրի մասնակցության կրթաթոշակ է ստացել #Siroon թիմը, որ պատրաստվում է զարգացնել գեղեցկության սրահների, դրանցում ծառայություն մատուցող տարբեր մասնագետների հետ կապի հնարավորությունները մեկ միասնական հարթակում։

Մեծամասամբ կանանց ու աղջիկների մասնակցությամբ անցկացվող հաքաթոնում Վանաձորից #4estResearcher թիմի աղջիկները նվեր են ստացել մաշկի եւ դեմքի խնամքի միջոցներ Նաիրյան ընկերությունից: Թիմը զբաղվում է սարքերի նախագծմամբ եւ դրանց ծրագրավորմամբ։

Բրյուսելաբնակ բիզնես եւ թվային մարկետինգի էքսպերտ Լուսի Սեթյանի կողմից 6-ամսյա մենթորության հնարավորություն է ստացել #WooChess թիմը, որ փորձում է նոր մակարդակի հասցնել շախմատի սիրող եւ սովորողների էլեկտրոնային գործիքները։

Հաքաթոնի գլխավոր հովանավորն էր Betconstruct ընկերությունը, հովանավորներն էին Monitis ընկերությունը, ավստրալահայ Հակոբ Պողոսյանի եւ չինուհի Սաբրինա Լիուի հիմնադրած Invest in Chengdu-ն, Վորլդ Վիժն Հայաստանը, ՁԻՀ-ը՝ ISTC-ի հետ միասին։