16:45 | 10.10.17 | Նորություններ | 27703

«Յանդեքս»-ը Գյումրիում ծրագրավորման դպրոց է բացել

Այսօր Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը:

Այն «Յանդեքս» ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է՝ 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք դպրոցում կծանոթանան ծրագրավորմանը եւ իրենց համար կստեղծեն ՏՏ ոլորտում աշխատելու հեռանկարներ:

Դպրոցում ուսում ստանալու հայտ է ներկայացրել 99 աշակերտ, որոնցից 27-ը հաջողությամբ անցել են թեստավորման եւ հարցազրույցի փուլերը: Դասընթացները սկսվել են հոկտեմբերի 4-ին եւ կտեւեն մեկ ուսումնական տարի: Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին՝ Python լեզվի օրինակով:

«Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները շատ հնարավորություններ ունեն դեռ վաղ տարիքից ծրագրավորում սովորելու համար, ինչը շրջաններում ավելի բարդ է: Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները եւ թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը: Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը»,- նշել է «Յանդեքս.Տաքսի» ընկերության միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը:

Ուսուցումը լինելու է անվճար եւ հայերենով: Դպրոցում դասավանդում են տեղի մասնագետներ՝ ֆրոնթէնդ եւ բեքէնդ ծրագրավորող Արամ Հովհաննիսյանը, որը շուտով կավարտի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, եւ Արամ Մուրադյանը, որը համակարգչային գիտությունների եւ ինֆորմատիկայի բակալավր է, ալգորիթմների, տվյալների կառուցվածքների եւ նկարների մշակման մասնագետ:

«Մի քանի ամիս առաջ Վանաձորում հաջողությամբ մեկնարկեց «Յանդեքս» ծրագրավորման դպրոցը: Կարեւոր է, որ կազմակերպիչները որոշեցին ծրագիրը իրականացնել նաեւ Գյումրիում, քանի որ հատկապես մարզերի դպրոցականներին անվճար հիմունքներով արդի ծրագրավորման լեզուները հասանելի դարձնելը կարեւոր է մեր պետության համար: Հիմնվելով Վանաձորի հաջողությունների վրա՝ վստահ ենք, որ Գյումրիում եւս դրական արդյունք ենք ունենալու: Համագործակցության ընթացքում խիստ կարեւորում ենք մասնավոր հատվածի ներգրավվածությունը, որը կնպաստի ծրագրի կայուն զարգացմանը»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: