10:01 | 03.10.17 | Նորություններ | 23833
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում արդեն երեք տարի է՝ գործընկերություն են ծավալում Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում:
2016թ. աշնանը Բերդավանում տեղակայվել էր 175 LED լուսարձակ: Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 27-ով: Երկու ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ, լուսավորվել 6325 մ տարածություն:
«Երկրի սահմաններն ամուր պահող գյուղացին թիկունք է մեզ համար: Կարեւոր է, որ նա ունենա փոխադարձության զգացողությունը: Իր խնդիրների մեջ մեկուսանալը կթուլացնի հողի մշակին: Իսկ երբ իրականացվեն կարեւոր, երկարաժամկետ արդյունք ենթադրող ծրագրեր, մեր հայրենակիցները կզգան, որ իրենք մենակ չեն, եւ որ մենք էլ թիկունք ենք իրենց համար: Եթե ցանկանում ենք կառուցել հզոր երկիր, պարտավոր ենք հիշել ամենակարեւորի մասին. անհրաժեշտ է լինել միասնական: Դա բոլորովին բարդ չէ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: