16:31 | 28.09.17 | Նորություններ | 5131
Այսօր Երեւանում կայացել է վեբ անվտանգության ոլորտին նվիրված ARMSec 4-րդ համաժողովը:
Այն անցկացվում է OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղի կողմից:
Միջոցառման կազմակերպիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ այս տարի կոնֆերանսն աչքի է ընկնում արտերկրից խոսնակների մեծ թվով:
«Այս տարի շատ են բուն հաքերային թեմաները, ներկայացվում են հարձակումների կոնկրետ օրինակներ: Նշեմ, որ խոսվում է միայն այն հարձակումների մասին, որոնցից հարձակման ենթարկվողն արդեն տեղեկացված է, սխալներն էլ ուղղված են»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը:
Անդրադառնալով կիբերանվտանգության ոլորտում ներկայիս գլոբալ թրենդներին՝ Սամվել Մարտիրոսյանն առանձնացրել է երեք միտում:
«Ամենավտանգավորը պետությունների կողմից կիբեր տիրույթի միլիտարիզացիան է: Հաքերային ոլորտը պարտիզանականից անցում է կատարում պետական համակարգ: Մեկ այլ թրենդ է այն, որ կիբերհարձակումները շատ լուրջ բիզնես են դառնում, եւ խոսքն արդեն շատ մեծ գումարների մասին է: Երրորդ միտումը շատ մեծ հաքերային գործիքների արտահոսքն է, ինչի ականատեսը եղանք վերջին կես տարվա ընթացքում: Դրա հետեւանքով հաքերային հարձակումների քանակը եւ որակը լրջորեն փոխվեց, որովհետեւ այդ գործիքները հասանելի դարձան նույնիսկ դեռահասներին»,- ամփոփել է Սամվել Մարտիրոսյանը: