15:38 | 29.09.17 | Նորություններ | 23753
13-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսի պլատինե հովանավոր Ucom ընկերությունը ցուցադրել եւ զանգվածային շուկայի համար հասանելի է դարձրել այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց նախագծային տարբերակները ներկայացրել էր նախորդ տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին:
«Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները եւ այլն: Այս տարի Ucom-ը հանդես է եկել հեղափոխական «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ իր բաժանորդներին ընձեռելով հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական եւ ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:
Ավելին, աշխարհում ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել եւ վերլուծել է 2017 թվականին Հայաստանում շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները: Այդ արդյունքների հիման վրա Ookla-ն Ucom ընկերությանն է շնորհել «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը, ինչի մասին այսօր՝ DigiTec 2017-ի բացմանը հայտարարեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը»,- ասված է հաղորդագրությունում:
«2016-2017 թթ. ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը նոր կայաններ է գործարկել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի տարբեր մարզերում: Այսօր գոհունակությամբ ու հպարտությամբ փաստում ենք, որ Ucom-ի 4G+ ցանցը ոչ միայն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում, այլեւ ամենաարագը: Նման արդյունքների մասին միջազգային հեղինակավոր ընկերության կողմից տեղեկանալը կարեւոր է ու պարտավորեցնող մեր ողջ թիմի համար»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: