Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն դիմում-հայտ է ներկայացրել 50-ից ավելի թիմ։
Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է չորրորդ անգամ: Այն հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված ստարտափների համար։
«Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին եւ այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։
«Իր ձեւաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը, բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաեւ աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Seedstars Երեւան» ստարտափների մրցույթով հետաքրքրված ստարտափները կարող են դիմել՝ այցելելով այստեղ եւ մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։
Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչեւ սեպտեմբերի 19-ը:
Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։