11:23 | 14.09.17 | Նորություններ | 20157
Ucom-ը տեղեկացնում է, որ առաջինն է Հայաստանում իր տվյալների կենտրոնում գործարկել Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache):
«Ucom ընկերության բաժանորդները, վստահ ենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում նկատել են Facebook սոցիալական ռեսուրսի աշխատանքի լուրջ արագացում: Ես ինքս այդ կայքի օգտատերերից եմ եւ լավ պատկերացնում եմ մեր բաժանորդների սպասումներն առցանց հաղորդակցության հարթակներից: Ucom-ի ռազմավարությունից բխող այս բաժանորդամետ քայլն ակնհայտորեն չի կարող չգոհացնել»,- ասել է Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
«Շտեմարանը հնարավորություն է տալիս սպասարկելու օգտատերերի կողմից դեպի Facebook-ի ցանց ուղարկվող հարցումները անհամեմատ արագ եւ անխափան կերպով։ Միեւնույն ժամանակ, բեռնաթափելով ընկերության միջազգային կապուղիները, Facebook-ի շտեմարանը հնարավորություն է տալիս լավացնելու նաեւ մյուս ծառայությունների որակը եւ մատչելիությունը։ Շտեմարանում պահպանվում է ցանցի օգտատերերի կողմից ամենահաճախ պահանջվող բովանդակությունը, որն անմիջապես է տրամադրվում՝ առանց արտասահմանում գտնվող ռեսուրսի սերվերներից ներբեռնելու անհրաժեշտության։ Սրա շնորհիվ անհամեմատ արագացել է ռեսուրսի աշխատանքը եւ հուսալիությունը»,- ասված է հաղորդագրությունում։
«Շտեմարանի տեղադրումը հատկապես Ucom ընկերության տվյալների կենտրոնում պայմանավորված է Ucom ընկերության բաժանորդների կողմից ռեսուրսի մեծ պահանջարկով, ընկերության ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կապուղիների էֆֆեկտիվությամբ եւ ճյուղավորված ցանցով»,- նշել է Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Ucom-ի տվյալների կենտրոնում գործում են նաեւ Google-ի, Akamai-ի եւ Cloudflare-ի շտեմարանները: