17:15 | 30.08.17 | Նորություններ | 25650

    Հրազդանի հանրակացարանաբնակ երեխաները Ռոստելեկոմից նվերներ ստացան

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ Ռոստելեկոմը սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին եւ միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում Հրազդանի հանրակացարանաբնակ երեխաներին պայուսակներ եւ գրենական պիտույքներով փաթեթներ նվիրեցին։

    «Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս եւ հատկապես երեխաների համար տոն է՝ ուսումնական տարվա մեկնարկ՝ նոր գիտելիքների ձեռքբերման ու նոր բացահայտումների սկիզբ։ Ցանկանում եմ, որ Կարմիր խաչի գրասենյակի հետ համատեղ այս նվերները ոգեւորեն երեխաներին եւ նրանք մեծ եռանդով, ժպիտներով ու բարձր առաջադիմությամբ սկսեն իրենց ուսումնական տարին»,- նշել է «Ռոստելեկոմի Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

    «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին եւ միայնակ փախստական ծերերին» ծրագիրը վերսկսվել է 2015 թվականի փետրվարից: Ծրագիրն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի եւ երեխաների սոցիալական ներգրավվածությանը հասարակությանը եւ տնային պայմանների բարելավմանը: Ծրագրում ընդգրկված են 7-14 տարեկան հանրակացարանաբնակ երեխաներ, 120 միայնակ փախստական ծերեր, իսկ գործունեությունն իրականացվում է 34 կամավորների մասնակցությամբ ու աջակցությամբ: