Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ծրագրավորման Դպրոց՝ Yandex-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծը:
Դպրոցում 9-11-րդ դասարանների աշակերտները կծանոթանան ծրագրավորմանը եւ իրենց համար կբացեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարը։
Սա կլինի Յանդեքսի երկրորդ կրթական ծրագիրը Հայաստանում։ Ծրագրավորման առաջին դպրոցը բացվել է Վանաձորում 2016 թվականի հունվարին, հիմա այնտեղ սովորում են 26 աշակերտներ։
Գյումրու դպրոցը կունենա 2 խումբ՝ բաղկացած 14 աշակերտից։ Ուսուցումն անվճար է եւ հայերեն լեզվով։ Որպես դասախոսներ հանդես կգան տեղական մասնագետները, որոնք վերապատրաստում են անցել Yandex-ում։
Ընդունվելու համար պարտադիր չէ ծրագրավորման իմացությունը, թեստավորման ընթացքում դասախոսները հիմնականում ստուգելու են տրամաբանորեն մտածելու հմտությունը։
Հայտը կարելի է լրացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կայքում ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը, իսկ թեստավորումը տեղի կունենա Կենտրոնում սեպտեմբերի 14-ին: Պարապմունքները կսկսվեն հոկտեմբերին եւ կտեւեն 7 ամիս։
Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python ծրագրավորման լեզվի օրինակով։ Այն տարածված եւ արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են, օրինակ Yandex.Taxi-ն, YouTube-ը, Facebook-ը եւ Instagram-ը:
«Առաջին ծրագիրս գրել եմ 11 տարեկանում, իսկ ավելի ուշ դա վերածվեց մասնագիտության։ Իմ ամբողջ կարիերան ուղղակիորեն կապված է ծրագրավորման, ինտերնետ-ծառայությունների եւ բջջային հավելվածների ստեղծման հետ։ Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները ծրագրավորում սովորելու բազմաթիվ հնարավորություններ ունեն, բայց մարզերում դա շատ ավելի բարդ է։ Դպրոց բացելով Վանաձորում ՝ մենք տեսանք, թե ինչ ոգեւորությամբ են սովորում երեխաները», - ասել է Yandex.Taxi–ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։