15:16 | 17.08.17 | Նորություններ | 30316

Ucom-ը «Զվարթնոց»-ում սպասարկման նոր կենտրոն է բացել

Ucom ընկերությունն օրերս գործարկել է նոր վաճառքի եւ սպասարկման կենտրոն «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում:

Կենտրոնը շուրջօրյա գրաֆիկով աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ իրականացնելով բոլոր գործառույթները եւ առաջարկելով այն ծառայությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի ամբողջ տարածքում գործող վաճառքի 98 կետերում:      

«Այս սպասարկման կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռի մեր բոլոր բաժանորդներին ու Հայաստան ժամանող հյուրերին շատ արագ իրականացնել այն գործարքները, որոնք թույլ են տալիս մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ: Այնպիսի պարզագույն գործողություններ, ինչպիսիք են՝ հաշվի վերալիցքավորումը, SIM-քարտի ձեռքբերումը կամ յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխանող լավագույն սակագնային պլանի ընտրությունը, այսուհետ հաշված րոպեների հարց է ոչ միայն սպասողների, այլեւ ժամանողների համար»,- նշել է Ucom-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներից ժամանող հյուրերի հիմնական հոսքի համար ընկերությունն ունի մատչելի առաջարկներ: Ներկայիս սակագնային պլանները հնարավորություն են ընձեռում անսահմանափակ զանգել ոչ միայն Ucom ցանցի ներսում, այլեւ Ռուսաստանի «ՄեգաՖոն» ցանց: Որոշ սակագնային պլանների ներառումները կարելի է օգտագործել ոչ միայն նշյալ ուղղություններով, այլեւ ԱՄՆ, Կանադա եւ Արցախ զանգելու համար: