14:54 | 11.08.17 | Նորություններ | 6928

Benchmark հիմնադրամը դատի է տվել Uber-ի համահիմնադրին

Benchmark վենչուրային ներդրումային հիմնադրամը, որը ժամանակին Uber-ի առաջին ներդրողներից է եղել, դատի է տվել ընկերության համահիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Թրեւիս Կալանիկին:

Axios-ի փոխանցմամբ՝ Կալանիկը մեղադրվում է խարդախության, ինչպես նաեւ պայմանագրային եւ այլ պարտականությունների չարաշահման մեջ: Benchmark-ում համոզված են, որ Կալանիկը խախտել է օրենքը՝ փորձելով վերադառնալ գլխավոր տնօրենի պաշտոնին, որը ստիպված էր թողնել անցած հունիսին:

Benchmark-ի դիմումի հիմքում Uber-ի տնօրենների խորհրդի կազմը 8-ի փոխարեն 11 անդամի հասցնելու որոշումն է, որն ընդունվել էր 2016թ. հունիսին: Կալանիկին այն ժամանակ հնարավորություն է տրվել ինքնուրույն որոշել, թե ովքեր կլինեն խորհրդի երեք նոր անդամները: Արդյունքում տեղերից մեկը Կալանիկն իրեն էր վերցրել, իսկ մյուս երկու պաշտոնները մինչ օրս դատարկ են:

Եթե դատարանը բավարարի պահանջը, ապա Կալանիկը կկորցնի Uber-ի տնօրենների խորհրդում տեղը, հետևաբար նաեւ՝ ընկերության ղեկավարմանը վերադառնալու վերջին հնարավորությունը: