ՀՀ կապի երեք օպերատորները՝ Beeline-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Ucom-ը, 2017թ. հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել շուրջ 12 մլրդ դրամի հարկ, ինչը 14,7%-ով զիջում է անցած տարվա նույն ամիսների ցուցանիշին:
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է (նախկինում՝ «Ղ-Տելեկոմ»), որը զբաղեցնում է ցուցակի 11-րդ տեղը (2016թ. առաջին կիսամյակում 13-րդ տեղում էր): Ընկերությունը 2017թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե է վճարել 4,7 մլրդ դրամի հարկ, ինչը 2,6%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն է՝ 4,5 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 24,9%-ով, ինչը նրան ընդհանուր հարկատուների ցուցակում 7-րդից դարձրել է 12-րդը:
Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը (18-րդ), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 2,9 մլրդ դրամ հարկ, ինչը 14%-ով զիջում է 2016թ. առաջին կիսամյակի ցուցանիշը:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» ընկերությունը (220-րդ տեղ, շուրջ 298,2 մլն դրամ, անկում` 15,2%):
Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2017թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 378,5 մլրդ դրամի հարկ, ինչը 9,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: