12:40 | 26.07.17 | Նորություններ | 6844
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությունները, օպերատորների կողմից ներդրվող նոր տեխնոլոգիաները՝ նշելով, որ նրանք օգտագործում են նաեւ իսրայելական սարքավորումներ:
Նախարարը նաեւ ասել է, որ Հայաստանում գործող մի շարք տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին:
Վահան Մարտիրոսյանը Ցախի Հանեգբիին եւ իսրայելական ՏՏ ներկայացուցիչներին հրավիրել է ներկա գտնվել աշնանը Երեւանում կայանալիք ամենամյա Digitec Expo ցուցահանդեսին:
Իսրայելցի նախարարն էլ համոզմունք է հայտնել, որ ՏՏ բնագավառում երկու երկրների միջեւ գործակցությունն ապագա ունի:
Կիբերանվտանգության համատեքստում նախարարներն անդրադարձել են երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին: