17:40 | 20.07.17 | Նորություններ | 39818

Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին

PicsArt ընկերությունը հայտարարել է, որ սուպերմոդել եւ բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին՝ որպես Նվաճումների տնօրեն:

Նատալյա Վոդյանովան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։ Նա ընդգրկվել է նաեւ PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

Հայտնի սուպերմոդելը PicsArt-ի իր էջում երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր եւ մրցույթներ կկազմակերպի: Ներկայում Վոդյանովան առաջարկում է օգտվել PicsArt-ի իր էջում գտնվող սթիքերներից, որոնք անվճար հասանելի են օգտագործման ու վերախմբագրման համար:
 
«Ուրախ ենք ողջունել տաղանդավոր եւ օրինակելի Նատալյային մեր ընտանիքում: Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձեւության եւ սոցիալական գործունեությամբ: Նա նորաձեւության եւ բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»,- նշել է PicsArt ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

«Ես ոգեւորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։  PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։ Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը: Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են»,- նշել է Նատալյա Վոդյանովան:

Մոդելը մասնակցել է նաեւ PicsArt-ի #TreeOfLife՝ կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը:

Բացի այդ, Նատալյա Վոդյանովան հիմնադրել է Elbi բարեգործական թվային հարթակը, որը բարեգործական միջոցներ ներգրավելու առաքելություն ունի եւ միաժամանակ խրախուսում է օգտատերերի ստեղծարար ակտիվությունը բարեգործական միջոցառումներում։