16:26 | 18.07.17 | Նորություններ | 28401

«Ռոստելեկոմ»-ն ամփոփել է ուսանողների համար անցկացված նախագիծը

«Ռոստելեկոմ»-ն այսօր ամփոփել է «Նոր հնարավորություններ ուսանողների համար» նախագիծը, որը հայաստանյան տարբեր բուհերի ու մասնագիտությունների 20 ուսանողների հնարավորություն է տալիս մրցել եւ ընդգրկվել ընկերության անձնակազմում։

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է երրորդ անգամ: Մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցել մեկ ամիս տեւողությամբ ինտերակտիվ ուսուցմանը՝ անմիջապես ընկերության աշխատակիցների մասնակցությամբ։

«Մեզ համար շատ կարեւոր է լինել երկխոսության մեջ երիտասարդների հետ, նրանց ներկայացնել ընկերության կորպորատիվ կառավարման սկզբունքները։ Համոզված եմ, որ այստեղ ստացած գիտելիքները մեծապես կնպաստեն  նրանց հետագա կարիերայի զարգացման գործում։ Մեր նախագծի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ինքնավստահություն, պատկերացում են կազմում գրասենյակային եւ խոշոր ընկերություններում աշխատանքի մասին։ Հատկանշական է, որ նախորդ տարիների մասնակիցներից ուսանողները աշխատանքի են անցել մեր ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում եւ հաջողությամբ համատեղում են աշխատանքն ու ուսումը»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։    

Մրցութային փուլում հաղթող ճանաչված մասնակցին՝ Լիլիթ Գրիգորյանին, առաջարկվել է եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել «Ռոստելեկոմի» իր նախընտրած բաժնում, իսկ ուսուցման ընթացքում դրական արդյունքներ արձանագրելու դեպքում համալրել ընկերության անձնակազմի շարքերը:

Ամփոփիչ հանդիպմանը մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր եւ առաջիկա թափուր հաստիքների դեպքում կդիտարկվեն նաեւ նրանց թեկնածությունները։