11:12 | 13.07.17 | Հոդվածներ | exclusive 45868

    Բառուբան՝ ուղեղի վարժանք հավելվածի միջոցով

    «Բառուբան» անվճար ինտելեկտուալ ժամանցային խաղը կօգնի ի հայտ բերել մտքի ու բառարանների մոռացված էջեր, յուրացնել նոր բառեր, զարգացնել արագ եւ ճկուն մտածելու կարողությունը։

    Գարնանը գործարկված հայալեզու խաղն արդեն շուրջ 10 հազ. ներբեռնում ունի եւ հասանելի է AppStore-ում, Google Play-ում եւ կայքում:  

    Itel.am-ի հետ զրույցում խաղի ստեղծող Հովհաննես Սահակյանը նշել է, որ խաղը կհավանեն հատկապես խաչբառների, հանելուկների, գլուխկոտրուկների (Scrabble, Word Search) սիրահարները:

    «Խաղում են բոլորը, երեխաներից մինչեւ թոշակառուներ, շատ ակտիվ են լեզվաբանները: Խաղի կանոնները հետեւյալն են՝ առաջադրված բառի տառակույտից սահմանված ժամանակի ընթացքում հարկավոր է կազմել նոր գոյականներ: Հաղթում է այն մասնակիցը, որը կազմում է առավելագույն թվաքանակով բառեր: Խաղը հնարավորություն է տալիս զարգացնել արագամտությունը, վերհիշել մի շարք մոռացված բառեր, միմյանցից սովորել նորերը, բառարաններից ստուգումների շնորհիվ հարստացնել բառապաշարը, ուղղագրությունը կատարելագործել, եւ ի վերջո՝ հաճելի եւ օգտակար ժամանակ անցկացնել հարազատների ու ընկերների հետ»,- պատմել է խաղի հեղինակը:

    Հովհաննես Սահակյանի խոսքով՝ խաղը երեխաներին կսովորեցնի յուրացնել ու պահպանել մայրենին, երիտասարդությանը հնարավորություն կտա ինտելեկտուալ հաղորդակցությունից հաճույք ստանալ, իսկ տարեց մարդկանց համար կծառայի որպես «ուղեղի վարժանք»:

    Խաղի ստեղծման միտքն առաջացել է դեռ մի քանի տարի առաջ, սակայն աշխատանքները սկսել են անցած տարեվերջին, որոնց մասնակցել է նաեւ հեղինակի քույրը Նարինեն:  

    «Իմ հասակակիցների մոտ լավ տպավորվել են ցուրտ ու մութ տարիները, երբ ընտանիքով/ընկերներով հավաքվում էինք միասին ու բառախաղեր խաղում։ Միշտ ցանկություն կար «հետ բերել» այդ լավ ավանդույթները, սակայն, ափսոս, դա այդքան էլ հեշտ չէ անել, ուստի որոշեցի խաղը, ժամանակին համահունչ, թվային դարձնել: Հիմա աշխարհի բոլոր ծայրերից կարող ենք միանալ ու միասին Բառուբան խաղալ»,- պատմել է խաղի ստեղծողը:

    Հովհաննես Սահակյանը հավելել է, որ խաղը ստեղծելու հիմնական շարժառիթներից է եղել նաեւ դուստրը՝ Էլենը։

    «Ընկերներիցս շատերը գրում են, որ իրենց երեխաները եւս հավանել են խաղը եւ մեծ սիրով խաղում են: Կարծում եմ մեր օրերի «հիմար» եւ ագրեսիվ խաղերի փոխարեն «Բառուբանը» կարող է մեծ օգուտ բերել մեր երեխաներին»,- ամփոփել է Բառուբանի հիմնադիրը:

    Նարինե Դանեղյան