14:22 | 03.07.17 | Հոդվածներ | exclusive 98755

    #ՏեխնոՀունիս. Ամփոփում

    Անօդաչու թռչող սարքերի ներկայացում, ԱՄՆ-ում հայկական ՏՏ-ի գրանցած հաջողություններ եւ բազմաթիվ տեխնո միջոցառումներ՝ Itel.am-ն ամփոփում է #ՏեխնոՀունիսը:

    #ArmenianTech

    Այս ամիս հայտնի դարձան որոշակի մանրամասներ Բագրեւանդում (Ջրվեժ) կառուցվող Ինժեներական քաղաքի մասին: Պարզ դարձավ, որ առաջին կազմակերպությունները քաղաքում կտեղակայվեն սեպտեմբերին, իսկ քաղաքն ամբողջովին կսկսի գործել մինչեւ տարեվերջ:  

    «Ինժեներական քաղաքը կտեղակայվի Ջրվեժում եւ կունենա 3 հա տարածք: Շուրջ 30-35 ընկերություններ Ինժեներական քաղաքում կունենան իրենց առանձին շենքերը, մոտ 50 ընկերություն էլ հնարավորություն կստանա զարգանալ աքսելերատորներում»,- նշել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

    «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանն էլ Itel.am-ին տեղեկացրեց, որ Ինժեներական քաղաքում «Ֆիլիպ Մորիս»-ի կողմից բացվելիք ինովացիոն կենտրոնն իր տեսակով նոր եւ եզակի է լինելու, իսկ մոդելը հետագայում հնարավոր է օգտագործվի այլ երկրներում՝ գիտական կենտրոններ ձեւավորելու նպատակով:
     
    Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ ներդրումային եւ մենթորային օրը, որը կազմակերպել էին էստոնական Startup Wise Guys աքսելերատորը, Փարիզում տեղակայված Startdoon նախաձեռնությունը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ smartgate.vc-ի եւ Inapptics-ի աջակցությամբ:

    OnQuark ստարտափը հնարավորություն ստացավ մասնակցելու 2018թ. փետրվարին Ռիգայում կայանալիք Techchill տեխնոլոգիական միջոցառմանը: Մեկ այլ հայաստանյան ստարտափ՝ LiveBoard-ը, իրավունք ստացավ մասնակցելու Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրի ընտրական գործընթացին՝ Լատվիայում:

    Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 24-ին կազմակերպվեց Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը, որի շրջանակում հայաստանյան UAV LAB ընկերությունը ցուցադրեց տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) երեք մոդել: UAV LAB-ի ներկայացուցիչ Իվան Մելնիկովը տեղեկացրել է, որ նախագծի վրա աշխատում է 4 մարդ: Սարքերն իրացվում են ներքին շուկայում, սակայն մտադիր են մոտ ապագայում դրանք դուրս բերել նաեւ միջազգային շուկա:

    International Telecommunication Union-ը հունիսին հրապարակեց 2017թ. Գլոբալ կիբերանվտանգության վարկանիշը (Global Cybersecurity Index), որում Հայաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը (0.196 միավորով): Հայաստանին շրջապատում են Մոզամբիկը, Բութանը, Լիխտեյնշտեյնը, Զիմբաբվեն եւ Սենտ Վինսենթ եւ Գրենադինները:

    «Մինչեւ հիմա Հայաստանը չունի հայեցակարգ, ինչը նշանակում է, որ կիբերանվտանգությունը պարզապես ինքնահոսի վիճակում է։ Եթե դրան ավելացնենք այն, որ հանրային իրազեկում եւ կրթություն չկա, հանգում ենք նրան, որ մեր երկրում դեռ գործում է հետեւյալ օրենքը՝ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է»,- Itel.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարկանիշում ցածր դիրքը, նշել էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

    Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցեց Technovation Challenge միջազգային մրցույթին, որի շրջանակում Կարբիի դպրոցի One Step Ahead թիմի մշակած հավելվածը հաղթող ճանաչվեց «Կրթություն» անվանակարգում:  Թիմը օգոստոսին կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Համաշխարհային գագաթաժողովին եւ կստանա իր մրցանակը։

    Հունիսի 23-24-ը Սիլիկոնյան հովտում ՏՏ հայտնի ընկերությունների հետ կայացած հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը քննարկեց Հայաստանի հետ արհեստական բանականության, քվանտային համակարգերի եւ կիբերանվտանգության ուղղություններում համագործակցությունն ընդլայնելու ուղիները:  

    Հարցազրույցներ

    Itel.am-ի հետ զրույցում Իլինոյսի համալսարանի Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն եւ IntelinAir ընկերության համահիմնադիր, պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը նշեց, որ հայկական ՏՏ-ին անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել գիտությանը, ինչը կնպաստի, որ զարգացումը ճիշտ հունով ընթանա:

    «Հակառակ դեպքում, ստարտափը կհասնի զարգացման որեւէ փուլի եւ կանգ կառնի: Այո, հայաստանյան ՏՏ-ում պակասում է գիտությունը: Հիմնականում բացակայում են համալսարանական ստարտափները, փոխարենը գերակշռում են ստարտափները, որոնք առաջացել են տաղանդավոր երիտասարդների անխոնջ ջանքերով»:

    Հունիսին զրուցեցինք նաեւ Հայաստան ժամանած՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահ Իվոն Չիուի եւ միեւնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթի հետ:

    Itel.am-ը «IT պատանիներ» շարքի շրջանակում պատմեց 14-ամյա Արամ Պողոսյանի մասին, որն արդեն մի քանի տարի է՝ ինքնուրույն ուսումնասիրում է ռոբոտաշինություն:   

    Նոր ստարտափ

    Հունիսին պատմեցինք Հայաստանում մշակված Moon թռչող տեսախցիկի մասին, որը տան ավտոմատ կառավարման կենտրոն է: Մեզ հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Սերգո Օհանովը նշեց, որ Հայաստանի բնակարաններում ավտոմատացման լուծումները ավելացնելու համար պետք է սկսել պարզ լուծումներից եւ Moon-ը կարող է դառնալ դրանցից մեկը:

    «Օրինակ, տեխնիկա ներմուծողները կարող են ավելի խիզախ գտնվել եւ Հայաստան բերել լուծումներ, որոնք սմարթ են: Դրանք կարող են մեկ օրվա մեջ չվաճառվել, բայց արդեն նկատելի է, որ շատ բիզնեսներ նորամուծություններն ընկալելու գործընթացում են այսօր»:  

    Այլ լուրեր

    Րաֆֆի Գրիգորյանը, որը փետրվարին հեռացել էր Uber-ի Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրենի պաշտոնից, հունիսի վերջին նշանակվեց ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO): Նոր պաշտոնում Րաֆֆի Գրիգորյանը կզբաղվի տեխնոլոգիական խնդիրների լուծմամբ՝ ապահովելով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի կիբեր անվտանգությունը:

    List.am-ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանի կողմից ԱՄՆ-ում հիմնադրած Epic! ընկերության մշակած մանկական թվային գրադարանն էլ ներդրումային C ռաունդում $8 մլն ներգրավեց:

    Նարինե Դանեղյան