17:16 | 22.06.17 | Նորություններ | 52148

    Ջրվեժում Ինժեներական քաղաքը կսկսի գործել մինչեւ տարեվերջ

    Բագրեւանդում (Ջրվեժ) կառուցվող Ինժեներական քաղաքում առաջին կազմակերպությունները կտեղակայվեն սեպտեմբերին, իսկ քաղաքն ամբողջովին կսկսի գործել մինչեւ տարեվերջ:

    Այս մասին այսօր հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

    Ինժեներական քաղաքը կգործի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) եւ «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության աջակցությամբ:  

    «Ինժեներական քաղաքը կտեղակայվի Ջրվեժում եւ կունենա 3 հա տարածք: Հիմնական ներդրողները 16 մասնավոր կազմակերպություններ են: Երկու նոր կազմակերպություն՝ «Ֆիլիպ Մորիս»-ը եւ Աբու Դաբիից մեկ ընկերություն, հետաքրքրված են իրենց հետազոտական կենտրոնները բացել Ինժեներական քաղաքում: ՀՀ կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, կօժանդակի ընդհանուր ենթակառուցվածքների ստեղծմանը: Շուրջ 30-35 ընկերություններ Ինժեներական քաղաքում կունենան իրենց առանձին շենքերը, մոտ 50 ընկերություն էլ հնարավորություն կստանա զարգանալ աքսելերատորներում»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:  

    Ինժեներական քաղաքը կունենա բացառիկ լաբորատորիաներ, որոնցում, Բագրատ Ենգիբարյանի խոսքով, կտեղակայվեն հարյուր հազարավոր դոլարներ արժողությամբ սարքավորումներ: Վերջինները միաժամանակ կկարողանան օգտագործել մի քանի ընկերություններ:

    ՁԻՀ տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ նախատեսվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Systems engineering ֆակուլտետը տեղակայել Ինժեներական քաղաքում:

    «Պետք է փորձենք Ինժեներական քաղաքում առկա հնարավորությունները հասանելի դարձնել ուսանողներին: Նրանք չպետք է վախենան «խաղալ», փորձել իրենց ուժերը, որպեսզի հետագայում նաեւ կարողանան նորը ստեղծել»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:    

    Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ $20 մլն: