Վայոց ձորի մարզի բոլոր 50 դպրոցներն այսուհետ ունեն նոր համակարգիչներով եւ տպիչներով հագեցած սենյակներ:
Բոլոր դպրոցներում սենյակները վերանորոգվել են Հայաստանի կառավարության, կահավորվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, իսկ Հնդկաստանի կառավարությունը մատակարարել է համակարգիչներ, տպիչներ եւ այլ անհրաժեշտ տեխնիկա:
Ավելի լավ միջավայրում կրթություն ապահովելու նպատակով Հնդկաստանի կառավարությունը 2009-ից տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանի մարզերի դպրոցներում:
«Կոմպյուտերային բաղկացուցիչը կարեւոր է մեզ համար, որովհետեւ առաջին վարկային ծրագրով համատարած կոմպյուտերացման իրականացումից տարիներ է անցել, եւ ունենք կոմպյուտերային պարկի թարմացման խնդիր: Նման օգնությունները իսկապես շոշափելի են, հատկապես, որ մեզ համար գերակա է էլեկտրոնային կրթության եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը կրթական համակարգում»,- այսօր ծրագրի ամփոփման ժամանակ ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Եռակողմ համագործակցության շնորհիվ 2009թ. վերականգնվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը, իսկ 2012-ին Տավուշի 72 դպրոցներ համալրվել են համակարգիչներով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ եռակողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի զարգացման տեսլականին՝ ՏՏ զարգացումը եւ ներդրումը բոլոր համակարգերում:
«Տավուշում այս 5 տարում ոչ թե 20-30 տոկոսով, այլ 4-5 անգամ ավելացել է այն երեխաների թիվը, որոնք նախընտրել են շարունակել իրենց ուսումը հենց ՏՏ ոլորտում: Սա պարզ ապացույց է, որ իրականացված ծրագիրը շատ լուրջ ազդեցություն է թողել առաջին իսկ տարվանից սկսած»,- ասել է Արա Վարդանյանը:
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանն էլ նշել է, որ իր երկրի կառավարությունը դեսպանության միջոցով շարունակելու է մշտապես աջակցել Հայաստանի կրթական ոլորտին: Դեսպանն ընդգծել է, որ Հնդկաստանի համար լավ փորձ է «Թումո» ստեղծարար կենտրոնի գործունեությունը, ինչպես նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագիրը, որով 200 դպրոցում երեխաները համակարգչային գիտելիքներ են ստանում: