17:33 | 15.06.17 | Նորություններ | 4145

Տաջիկստանի նախագահն այցելել է TSD

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր այցելել է Մերգելյանի անվան ինստիտուտի ազատ տնտեսական գոտում գործող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության (Technology and Science Dynamics, TSD) արտադրամաս:

Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունում, Էմոմալի Ռահմոնին ուղեկցել է նախարար Վահան Մարտիրոսյանը:

Տաջիկստանի նախագահը շրջայց է կատարել ընկերության արտադրամասում, որի ընթացքում TSD-ի հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ներկայացրել է ընկերության արտադրանքն ու գործունեության շրջանակը:

Էմոմալի Ռահմոնն ականատես է եղել հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին:

«Հանդիպումն ուղղված էր համագործակցության հնարավոր եզրեր գտնելուն եւ Հայաստանի ու Տաջիկստանի միջեւ երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակի բերելուն»,- ասված է հաղորդագրությունում։