15:40 | 15.06.17 | Նորություններ | 18703

Beeline-ը «Արմաթ» լաբորատորիաներին կնվիրաբերի WiFi սարքավորումներ

Beeline-ը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներին կտրամադրի ավելի քան 1000 հատ WiFi սարքավորում, որոնց շնորհիվ դպրոցականները կկարողանան տարբեր ինժեներական խնդիրներ լուծել եւ ազատ ստեղծագործել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ժամանակակից տեխնոլոգիաները, կրթությունը եւ երիտասարդներին աջակցությունը  հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական գործունեության երեք հիմնական ուղղությունները: Ես շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը ներառում է վերոնշյալ ուղղությունները եւ վստահ եմ, որ մեր կողմից տրամադրված սարքավորումները կօգնեն «Արմաթ» լաբորատորիաների սաներին զարգացնել պրոֆեսիոնալ հմտությունները եւ փոխել իրենց կյանքը դեպի էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, որոնց դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ, կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: