Երեւանը 2019-ին հյուրընկալելու է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT), եւ վաղը՝ 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնեսի ֆորումի շրջանակում, կտրվի միջոցառման կազմակերպչական աշխատանքների մեկնարկը:

Այս առիթով Itel.am-ը զրուցել է Հայաստան ժամանած՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահ Իվոն Չիուի եւ միեւնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթի հետ:

- Թայվանը եւ Հայաստանն աշխարհագրական գրեթե նույն չափերն ունեն, բացի այդ, երկուսն էլ հյուրընկալելու են ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT)՝ Թայվանն այս տարի, իսկ Հայաստանը՝ 2019-ին: Ինչպե՞ս Թայվանին հաջողվեց դառնալ հզոր տեխնոկենտրոն:

Իվոն Չիու – Թայվանի առավելությունն այն է, որ կառավարությունը շատ է աջակցում ՏՀՏ ոլորտին: Եթե դուք ունեք հստակ ռազմավարություն, ապա կառավարությունից աջակցություն կստանաք: Պետք է լինել համբերատար, քանի որ հաջողության հասնելու համար ժամանակ է հարկավոր:

Ջեյմս Պոյզանթ - Եթե հետ ենք նայում, ապա շուրջ 30 տարի առաջ Թայվանը որոշեց, որ ֆինանսավորելու եւ գլոբալ է դարձնելու ՏՏ ոլորտը: Կառավարությանը համոզելու եւ ոլորտը ֆինանսավորելու արդյունքն այն է, որ այսօր Թայվանը ՏՀՏ պրոդուկտների եւ ծառայությունների ոլորտում ամենահզոր պետություններից է: Հաջողության բանալին կառավարության եւ ոլորտի համատեղ աշխատանքն է, համագործակցությունը, եւ էական չէ, թե ով է այդ պահին իշխանության ղեկին:

- Երեկ հանդիպում եք ունեցել ՀՀ վարչապետի հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:

Ջեյմս Պոյզանթ – Տեղյակ ենք, որ Հայաստանը մշակում է ռազմավարական պլան: Երեկ կառավարությանն առաջարկեցինք հետեւյալը՝ մենք ասիական 23 երկրների կտրվածքով իրականացնում ենք խոշոր հետազոտություն, որի արդյունքների միջոցով աշխարհին ցանկանում ենք ցույց տալ՝ ինչպես հաջողակ դառնալ զարգացող թվային տնտեսություններում: Չենք հասցրել ի մի բերել, թե ինչ դիրքեր ունի Հայաստանը, սակայն կարծում եմ՝ բոլորս կարող ենք ինչ-որ բան սովորել այդ հետազոտությունից, եւ ուրախ ենք այդ տեղեկատվությամբ կիսվել Հայաստանի հետ:

photo © Մեդիամաքս


- Ի՞նչն է ձեզ զարմացրել հայաստանյան ՏՏ ոլորտում:

Ջեյմս Պոյզանթ - «Թումո » կենտրոնն առաջ շարժվելու ճիշտ ուղին է: Երեխաներին տեխնոլոգիայի բոլոր ասպեկտներով կրթելն այն է, ինչ փնտրում է ՏՀՏ ոլորտը: Նախորդ այցիս ընթացքում ինձ ասացին, որ այդ երեխաներին պատրաստում են թվային դարաշրջանին, եւ իմ կարծիքով՝ դա հենց այն է, ինչ պետք է Հայաստանին այս պահին:

Երբ խոսում ենք կրթության մասին, դպրոցն ու համալսարանը պետք է աշխատեն ոլորտի հետ՝ հաջողության հասնելու համար: Դասարանում պետք է վստահ լինել, որ առկա դասացուցակը տվյալ երեխային նախապատրաստում է իրական աշխատանքի: Խնդիրն այն է, որ երբ ընկերությունը սպասում է նորավարտների՝ աշխատանքի ընդունելու համար, եւ նրանք չեն կարողանում իրենց դրսեւորել, այդ ընկերությունն ունի երկու տարբերակ՝ կա՛մ մնալ եւ վերապատրաստել մասնագետների, կա՛մ գնալ եւ գործել այլ վայրում: Բայց դուք չեք ուզում, որ ընկերությունները ձեր երկիրը լքեն, այնպես չէ՞:

Որեւէ ընկերություն չի ցանկանա վատ մասնագետներ ունենալ: Բացի այդ, հիմա ընկերությունները կարող են օնլայն աշխատել աշխարհի ցանկացած կետում, դա էլ մեկ այլ պատճառ է, թե ինչու մասնագետը պետք է իմանա տվյալ մասնագիտության գլոբալ պահանջները՝ մրցունակ մնալու համար:  

Իվոն Չիու- Կրթությունն իսկապես կարեւոր է: Երեկ մի քանի ՏՏ ընկերություններ այցելության ժամանակ պարզ դարձավ, որ նրանք ունեն ոչ բավարար աշխատուժ, մասնագետներ: Պետք է մասնագետներ պատրաստել՝ դպրոցից սկսած, եւ կառավարությունը պետք է այդ հարցում աջակցի եւ ֆինանսավորի:

Կցանկանամ տեսնել Հայաստանին եւ Թայվանին համագործակցելիս: Հայաստանը շրջապատված է հողով, իսկ Թայվանը՝ ջրով: Մենք կարող ենք փոխանակել այդ ջուրն ու հողը (ծիծաղում է - խմբ.): Նկատել եմ, որ հայերը շատ դրական մարդիկ են, աշխատասեր են, սակայն հարկավոր է գտնել ներուժի իրացման ճիշտ ուղղությունն ու կենտրոնացում:

Իվոն Չիուի եւ Ջեյմս Պոյզանթի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը