Նաիրա Հովակիմյանը
11:56 | 05.06.17 | Հարցազրույցներ | exclusive 166607
Երեւանում մայիսի 30-ին անցկացվել է «Ապագային ընդառաջ» (Unleash the Future) տեխնոլոգիական միջոցառումը, որին մասնակցել է ՏՏ, գիտության եւ ձեռներեցության ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչ:
Itel.am-ը զրուցել է միջոցառման բանախոսներից Իլինոյսի համալսարանի Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն եւ IntelinAir ընկերության համահիմնադիր, պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի հետ:
- Միջոցառման շրջանակում Ձեր ելույթը վերաբերում էր հետազոտությունների ապագային: Ինչպե՞ս զարգացնել հետազոտական ուղղությունը Հայաստանում:
- Հայաստանում պետք է ստեղծել տեխնոլոգիական համալսարան: Բացի այդ, անհրաժեշտ է արտերկրից մասնագետների հրավիրել, որոնք կդասավանդեն այդ համալսարանում: Այս անդունդն առաջացավ 90-ականներին, երբ մարդիկ կա՛մ հեռացան գիտությունից, կա՛մ արտագաղթեցին:
Հայաստանում սակավաթիվ մասնագետներով գիտություն զարգացնելն անհնար է: Արհեստական բանականությունը, որի մասին այս օրերին շատ է խոսվում, չի կարող լուծել բոլոր խնդիրները: Պետք է հասկանալ, թե որ տեխնոլոգիան որտեղ, ինչ չափով օգտագործել, որպեսզի այն դառնա միջոլորտային:
- Տարին մի քանի անգամ այցելում եք Հայաստան: Որքանո՞վ են գոհացնող հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը:
- Զարգացումը տպավորիչ է, սակայն անհրաժեշտ է մեծ ուշադրություն հատկացնել գիտությանը, ինչը կնպաստի, որ զարգացումը ճիշտ հունով ընթանա: Հակառակ դեպքում, ստարտափը կհասնի զարգացման որեւէ փուլի եւ կանգ կառնի:
Այո, հայաստանյան ՏՏ-ում պակասում է գիտությունը: Հիմնականում բացակայում են համալսարանական ստարտափները, փոխարենը գերակշռում են ստարտափները, որոնք առաջացել են տաղանդավոր երիտասարդների անխոնջ ջանքերով:
- Որո՞նք են այն ուղղությունները, որոնց վրա, Ձեր կարծիքով, պետք է կենտրոնանա հայաստանյան ՏՏ ոլորտը:
- Թե՛ արհեստական բանականության եւ թե՛ վիրտուալ իրականության ուղղություններն ունեն մեծ ապագա, սակայն դժվար է ասել՝ Հայաստանն արդյոք կկարողանա՞ դրանցից որեւէ մեկում դառնալ գլոբալ առաջատար:
Խնդիրն այն է, որ այսօր հայաստանյան ՏՏ-ին պակասում են հայտնի անունները, որոնք ճանաչված կլինեն ամբողջ աշխարհին: Գլոբալ ՏՏ-ում կան մի քանի անվանի հայեր, սակայն նրանցից որեւէ մեկը, դժբախտաբար, չի բնակվում Հայաստանում:
Չնայած այս ամենին՝ ոլորտում տեսնում եմ առաջ գնալու եւ զարգանալու մեծ պոտենցիալ, եւ հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հնարավոր կդառնա Հայաստան անվանի մասնագետներ հրավիրել: Օրինակ կբերեմ YerevaNN գիտակրթական հիմնադրամի մշակված deep learning-ի ուղեցույցը: YerevaNN-ի հիմնադիր երիտասարդներն իրենց աշխատասիրության շնորհիվ առաջիկայում հավանաբար կհասնեն մի մակարդակի, երբ կկարողանան արտերկրի որեւէ հայտնի պրոֆեսորի հրավիրել Հայաստան, որն իր հերթին կառաջարկի, որ երիտասարդներն այստեղ փորձարկեն իր նոր գաղափարները:
Եթե Հայաստանում ռոբոտիկայի լավ լաբորատորիա գործի, ես պատրաստ եմ ամեն անգամ Հայաստան այցելելիս երիտասարդներին գաղափարներ առաջարկել, խորհուրդներ տալ, ուղղություններ մատնանշել, տեսլական ներկայացնել:
Հայաստանում ՏՏ ոլորտին պակասում են մասնագետներ՝ կյանքի մեծ փորձով: Առկա է ՏՏ ոլորտի ավագ սերնդի պակաս, որը կարող է մենթոր դառնալ նոր սերնդի համար:
Նորաստեղծ FAST-ի հիմնադրման հետ շատ մեծ հույսեր եմ կապում: Հիանալի կլինի, եթե այն աջակցի, որպեսզի տարբեր երկրներից հայտնի հայ մասնագետները հաճախ այցելեն Հայաստան եւ կիսվեն փորձով: Միաժամանակ, դրական կլինի տաղանդավոր երիտասարդների եւս ուղարկել արտերկիր՝ այդ մենթորների մոտ:
- Ալ Եսայանի հետ շուրջ 3 տարի առաջ հիմնադրեցիք IntelinAir ընկերությունը, որը թռչող սարքերի օգնությամբ բարձրորակ լուսանկարներ է անում՝ մշակելով դաշտերի «տոմոգրաֆիկ պատկերը»: Հայաստանում ընդլայնվելու պլաններ կա՞ն:
- IntelinAir-ի կենտրոնակայանը Սան Խոսեում է, ունենք նաեւ գրասենյակ Իլինոյսի համալսարանի տարածքում: Այսօր մենք ունենք բավական շատ հաճախորդներ: Մեր տեխնոլոգիական ղեկավարը Արա Նեֆյանն է ԱՄՆ-ից, որը NASA-ում աշխատել է խոշոր եւ բավական հայտնի նախագծերի վրա: Ես կենտրոնացած եմ մեծ տեսլականի վրա՝ առաջիկա 5-10 տարում մրցակցություն ապահովելու համար:
IntelinAir-ի Հայաստանի թիմն այս պահին 4 հոգի է, բայց շուտով կընդլայնվենք՝ դառնալով 10-12 աշխատակից:
Նաիրա Հովակիմյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը