12:22 | 18.05.17 | Նորություններ | 3265

Google I/O 2017-ի նորությունները

Մայիսի 17-ին Google-ը Mountain View-ի իր կենտրոնակայանում անցկացրել է I/O կոնֆերանսը, որի ընթացքում ընկերությունը հայտարարել է մի շարք նորությունների մասին:

Ներկայացնելով վիճակագրությունը՝ հայտարարվել է, որ ներկայում Android բազայի վրա աշխարհում շուրջ 2 մլրդ սարք է աշխատում ՝ սմարթֆոններ, պլանշետներ, ժամացույցներ եւ այլն:

Ընկերության գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարել է, որ այսուհետ առաջին տեղում են ոչ թե մոբայլ տեխնոլոգիաները, այլ արհեստական բանականությունը, եւ Google-ի բոլոր ծառայություններում ներդրվում են մեքենայական ուսուցման էլեմենտներ: Արհեստական բանականությամբ աշխատող Google-ի նախագծերը հավաքված են մեկ ընդհանուր հարթակում:

Android O

Google-ն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրել է Android O օպերացիոն համակարգը:  

Համակարգի պաշտպանության համար ընկերությունը կօգտագործի մեքենայական ուսուցման էլեմենտներ, որոնց հիմքում կաշխատի Play Protect ծրագիրը: Այն կուսումնասիրի սարքի գործունեության հետ կապված խնդիրները՝ անհրաժեշտության դեպքում արգելափակելով վտանգները:  

Ամռանը նոր համակարգը հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար: Օպերացիոն համակարգում ավելացվել է Vitals ծառայությունը, որը հետեւում է սարքի հիմնական ցուցանիշներին՝ խնայելով մարտկոցի լիցքավորումը, ապահովելով անվտանգությունը եւ արտադրողականության բարձրացումը: Այսպիսով, սա թույլ կտա նոր օպերացիոն համակարգին ավելի արագ ներբեռնվել, կարագանա նաեւ սմարթֆոնի աշխատանքը:

Ներկայացվել է նաեւ համակարգի ավելի թեթեւ տարբերակը՝ Android Go-ն, որը թույլ կտա արագացնել աշխատանքը ոչ թանկ սմարթֆոններում եւ նվազեցնել թրաֆիկի օգտագործումը:

Google Lens

Google Lens-ը կօգտագործվի տեսախցիկի օգնությամբ ճանաչելու օբյեկտները եւ կգործի որպես Google Assistant-ի մաս: Օգտատերերը կստանան հնարավորություն օբյեկտի մասին տեղեկատվություն ստանալ՝ սմարթֆոնի տեսախցիկը պահելով դրա վրա:

Google Lens-ն կաշխատելի ոչ միայն տեսախցիկի ռեժիմում, այլեւ սմարթֆոնում առկա լուսանկարների հետ:  Համակարգը կգործարկվի այս տարվա ընթացքում:

Google Assistant

Ընկերությունը հայտնել է, որ Google Assistant-ին ուղղված ձայնային հարցումների 70 տոկոսը ոչ թե որոնման հարցեր են, այլ ուղղակի զրույց: Այդպիսով ծառայությունն իրականացնում է ավելի շատ շփման, այլ ոչ հարց-պատասխանի գործառույթ:

Google Assistant-ն այսուհետ հասանելի կլինի նաեւ iPhone-ների համար՝ ներկայանալով որպես առանձին հավելված: Սակայն Apple-ի կողմից սահմանափակումների պատճառով հասանելի գործառույթներն ավելի քիչ կլինեն, քան Android-ի դեպքում. Հնարավոր կլինի ուղարկել հաղորդագրություն iMessage-ի միջոցով, միացնել երաժշտություն, սակայն օգտատերը չի կարողանա, օրինակ, զարթուցիչ միացնել:  

Google Assistant-ը մինչեւ տարվա վերջ հասանելի կլինի ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն, պորտուգալերեն եւ կորեերեն լեզուներով:

Խելացի օգնականը նաեւ հնարավորություն կտա վճարել ծառայությունների եւ պրոդուկտների համար՝ հաշվին կցված բանկային քարտի օգնությամբ: Սակայն դեռ պարզ չէ, թե որ երկրներում հասանելի կլինի գործառույթը:

Google Home

Google Home-ը շուտով հասանելի կլինի ԱՄՆ-ից դուրս՝ Կանադայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում:

Google Home-ի օգնությամբ այսուհետ հնարավոր կլինի ձայնային զանգեր ուղարկել: Կարելի է անվճար զանգել ԱՄՆ-ում Կանադայում ֆիքսված հեռախոսահամարներին, միաժամանակ պարտադիր չէ Google Home-ին միացնել սեփական մոբայլ հեռախոսը: Զանգեր իրականացնել ընկերությունը պատրաստվում է սեփական ենթակառուցվածքներին օգնությամբ:

Խելացի պատասխաններ Gmail-ում

Smart Reply գործառույթը հնարավորություն կտա արհեստական բանականության օգնությամբ վերլուծել նամակի տեքստը եւ դրան պատասխանելու մի քանի տարբերակ առաջարկել: Սկզբում գործառույթը հասանելի կլինի անգլերենով, իսկ մի քանի շաբաթից՝ նաեւ իսպաներենով:

Google Photos

Ներկայացվել է Google Photos-ի 3 նոր գործառույթ: Այսուհետ հնարավոր է մեկ քլիքով նկարով կիսվել այն մարդու հետ, որը նշված է այդ լուսանկարում:

Google Photos-ում այսուհետ գոյություն ունեն ընդհանուր գրադարաններ, հետեւաբար էական չէ, թե ում հեռախոսով է արված լուսանկարը: Այն կհայտնվի նաեւ այն սարքերի հիշողությունում, եթե համակարգը որոշակիացնի մարդկանց, որոնք միացված են ընդհանուր հավաքածուին:

Երրորդ նորությունը ֆոտոգրքերի ստեղծումն է: Այս գործառույթը դեռեւս հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում:

Վիրտուալ իրականություն

Ընկերություն շարունակում է աշխատել Daydream VR հարթակի վրա: Աշնանը հարթակը հասանելի կլինի Samsung Galaxy S8 եւ S8 Plus սմարթֆոնների համար:

Ներկայացվել է նաեւ Visual Positioning Service (VPS) լրացված իրականության համակարգը, որը թույլ կտա կողմնորոշվել, օրինակ, մեծ սուպերմարկետներում՝ գտնելով անհրաժեշտ ապրանքը: