13:19 | 02.05.17 | Նորություններ | 8338

Միջազգային ներդրողները Երեւանում կիսվում են փորձով

Այսօր Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը», որի նպատակն է երկու երկրներում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը, ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային փորձը:

Միջոցառման կազմակերպիչներն են Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Սիլիկոնյան հովտում գործող Angel Labs աքսելերատորի համագործակցությամբ:

Angel Labs աքսելերատորի տնօրեն Թուգչե Էրգյուլը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ նման միջոցառումները երկխոսություն սկսելու ամենաարդյունավետ միջոցներից են:

«Սա լավ հնարավորություն է` սկսելու երկխոսություն երկու ժողովուրդների միջեւ, քանի որ վենչուրային կապիտալը, ինչպես նաեւ ձեռներեցությունը, գլոբալ լեզու է, որով խոսում են Սիլիկոնյան հովտից մինչեւ Բեռլին, դա է պատճառը, որ մեր պատվիրակությունն այդքան միջազգային է: Սա նաեւ հնարավորություն է՝ լուծելու Հայաստանում բիզնես հրեշտակների պակասի խնդիրը: Կան բազմաթիվ հաջողակ ձեռներեցներ, սակայն պակասում է վենչուրային եւ հրեշտակային ներդրումների գործոնը: Կարծում եմ՝ Հայաստանի փոքր երկիր լինելը նպաստում է, որ ձեռներեցները մտածեն եթե ոչ գլոբալ, ապա գոնե տարածաշրջանի մակարդակով: Խորհուրդ կտամ շարունակել այդպես մտածել, չստեղծել մի բան տեղական շուկայի համար, օգտագործել այդ առավելությունը որպես սեփական առավելություն, կենտրոնանալ պրոդուկտի զարգացման, եւ ոչ թե ներդրումների ներգրավման ուղղությամբ: Գումարը ինքը կգտնի ձեզ, երբ ունենաք զարգացած պրոդուկտ»,- ասել է Թուգչե Էրգյուլը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ խնդիր է Հայաստանի տնտեսական զարգացման համար, եւ որ նման միջոցառումներն անհրաժեշտ են երկրների միջեւ երկխոսության հաստատման համար:

ԵՄ համագործակցության բաժնի ղեկավար Հոա–Բին Աջեմյանի խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը եւ խաղաղությունը տարածաշրջանում «կհաստատվեն դե-ֆակտո համերաշխության պարագայում, ինչը, իր հերթին, խաղաղ ապագայի հիմք կհաստատի»:  

«Նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել ստարտափների եւ ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով հրեշտակ ներդրողների ցանց: Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, եւ մեր նպատակն է ներդնել այս կոնցեպտը Հայաստանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը եւ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»,- նշել է ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը:

Միջոցառման շրջանակում Հայաստանի եւ Թուրքիայի ՏՀՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի կունենա քննարկում՝ նվիրված երկու երկրների ՏՀՏ ոլորտներում ներդրումային հեռանկարներին եւ ստարտափ էկոհամակարգերին: Հյուրերը կհանդիպեն նաեւ հայաստանյան ՏՀՏ ոլորտի ստարտափների հետ:

Նախաձեռնությունն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում: