11:33 | 20.04.17 | Նորություններ | 18266

Երեւանում քննարկվել են էլեկտրոնային առեւտրի հեռանկարները

Ամերիաբանկը նախօրեին կազմակերպել էր պանելային քննարկում` «Էլեկտրոնային առեւտուրը Հայաստանում եւ զարգացման հեռանկարները» թեմայով:

Պաշտոնական տվյալներով՝ աշխարհում բնակչության 58%-ն օգտվում է ինտերնետից՝ 3,7 մլրդ մարդ: Ավելի քան 1 մլրդ 400 մլն մարդ ինտերնետից գնումներ է կատարում: 1 գնորդի կողմից ինտերնետ առեւտրի վրա ծախսվող տարեկան միջին գումարը կազմում է ավելի քան $1500: Աշխարհում մանրածախ առեւտրի 7%-ն ինտերնետով է կատարվում: Էլառեւտրի մասնաբաժնից է ձեւավորվում համաշխարհային ՀՆԱ-ի 3%-ը: Էլեկտրոնային առեւտրի առումով ամենաակտիվն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է:
 
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից հաճախորդների շրջանում իրականացված հարցման համաձայն, որին մասնակցել է ավելի քան 1200 մարդ, մարզերում հաճախորդների 18%-ը վերջին մեկ տարվա ընթացքում օնլայն գնում է իրականացրել: Երեւանում այդ ցուցանիշը կազմել է 21%: Ամենաակտիվ տարիքային խումբը կազմել են 25-34 տարեկանները:

Էլառեւտրի ամենատարածված ուղղություններն են՝ ապրանքներ արտերկրից, պետական տուրքեր եւ տուգանքներ, ապրանքներ ՀՀ ներսում, այլ ծառայություններ արտերկրից, կոմունալների վճարներ, այլ ծառայություններ ՀՀ-ից:

Քննարկման բանախոսներն առանձնացրել են Հայաստանում էլառեւտրի զարգացման 3 հիմնական խնդիր, այդ թվում՝ բանկային ծառայությունների քիչ տարածվածությունը բնակչության շրջանում, հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապի որակը եւ ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացվածությունը:  

Ամերիաբանկի տնօրինության անդամ, Տեխնոլոգիաների եւ գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը նշել է, որ բանկային տեխնոլոգիաների մասով ներդրվել է համապատասխան գործառույթ, որն ապահովում է բացարձակ անվտանգություն:

«Գնալով աճում է էլառեւտրին վստահողների թիվը: Եթե սովորական խանութում հաճախորդի կողմից պրոդուկտի գնումը շատ հաճախ կապված է վաճառողի հմտությունների հետ, ապա ինտերնետը ցանկացած ընկերության թույլ է տալիս հաճախորդի վարքագծին հետեւելով՝ առաջարկել նրան այն, ինչը համապատասխանում է հաճախորդի վարքագծին: Կարծում եմ՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, երիտասարդությունը չի պատկերացնում այլ միջավայր եւ իր կյանքն ինտերնետում է անցկացնում: Այդ սերունդն աստիճանաբար դառնում է banking սերունդ: Եվ այսօր պետք է բոլոր նախադրյալները ստեղծել, որ վաղը բավարարենք պահանջարկը»,- նշել է Բուրաստան Մովսիսյանը:

Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանն էլ անդրադարձել է ArCa-ով վճարման դեպքում երբեմն ծագող խնդիրներին.

«Որպես կանոն, զարգանում են տնտեսության այն ոլորտները, որոնցում կա մրցակցություն: ArCa-ի դեպքում այն որոշ առումով ունի մոնոպոլ դիրք, որովհետեւ մյուս բանկերից շատ քչերն ունեն սեփական պրոցեսինգային կենտրոններ: ArCa-ի գոյությունը Հայաստանում երկրի փոքր մասշտաբով է պայմանավորված, որ ամեն բանկ, ի տարբերություն խոշոր տնտեսությունների, չի կարող թույլ տալ այս ծավալների եւ մասշտաբների պարագայում ունենալ սեփական պրոցեսինգային կենտրոն: Ժամանակի ընթացքում բնակչության շրջանում բանկային ծառայությունների տարածման շնորհիվ ավելի շատ բանկեր կունենան իրենց պրոցեսինգային կենտրոնները, եւ մրցակցությունը կստիպի, որ շուկայում խնդիրն ավտոմատ լուծվի»:  

«ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանում էլառեւտրի շուկան շատ ավելի մեծ է, քան թվում է:

«Եթե oնլայն սնունդ եք պատվիրում եւ կանխիկ եք վճարում, ապա դա եւս էլառեւտուր է: Պետք է Հայաստանում բջջային օպերատորներին թույլ տալ որպես  կանխավճար օգտագործել հաշվեհամարի գումարը: Ռուսաստանում յուրաքանչյուր մարդ կարող է պահանջել իր հեռախոսի հաշվի մնացորդը հետ փոխանցել իր բանկային հաշվեհամարին: Բջջայինի հաշվի մնացորդը պետք է թույլ տալ օգտագործել որպես վճարման միջոց, այդպիսով էլառեւտրի ծավալները կմեծանան մի քանի անգամ: Կարծում եմ՝ օպերատորներին պետք է թույլ տալ վերադարձնել կանխավճարների մասը դեպի բանկային համակարգ»,- տեսակետ է հայտնել Հայկ Կարապետյանը:   
 
Ucom-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանի խոսքով՝ իրենք խրախուսում են էլառեւտուրը, քանի որ այն, առաջին հերթին, օպերացիոն ծախսերի կրճատում է ենթադրում:

«Որքան քիչ մարդ այցելի մասնաճյուղ, այնքան քիչ ծախս կլինի: Նախորդ տարվա համեմատ անկանխիկ վճարումների 20%-ով աճ ենք արձանագրել: Շատերը դեռ խուսափում են վճարում կատարել սմարթֆոնով կամ կայքով, սակայն մենք էլ, մեր հերթին, փորձում ենք խրախուսել անկանխիկ վճարումները եւ ունենք սեփական հավելված՝ U!Pay, որի միջոցով կարելի է կատարել ոչ միայն մեր, այլեւ այլ տեսակի վճարումներ: Կարծում եմ՝ Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ցուցանիշը գնալով կաճի»,- ասել է Արամ Բարսեղյանը: