17:42 | 19.04.17 | Նորություններ | 15864

Ucom-ը եւ «Ֆորա-Բանկ»-ը կգործակցեն հեռահաղորդակցության ոլորտում

Ucom-ը եւ «Ֆորա-Բանկ» բաժնետիրական առեւտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս) գործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա Հայաստանում ընդլայնել 4Play առաջարկներն ու 4G+ ցանցը:

Հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը ներկայացնող ներդրումային ծրագիրը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքը, այդ թվում՝ դրա առավել հեռավոր շրջանները:

«Ucom ընկերությունը շարունակում է իր ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի համատեքստում ներդրում կատարելու համաձայնություն է ձեռք բերվել «Ֆորա-Բանկ»-ի հետ։ Ազգային կապիտալով գործունեություն ծավալող երկու խոշորագույն ընկերություններում համոզված են, որ այս գործակցության արդյունքում Հայաստանի տնտեսության համար կապահովվի զարգացման դրական դինամիկա»,- ասված է Ucom-ի տարածած հաղորդագրությունում:

Ներդրումային ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել նոր մեդիա արտադրանք եւ ներկայացնել այն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի սպառողների ուշադրությանը: Ապագա պլաններում է նաեւ գործունեության աշխարհագրական ընդլայնումը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում:

Գործարքի մանրամասները դեռեւս մշակման փուլում են ու կհրապարակվեն գործընթացի ավարտին: