14:53 | 13.04.17 | Նորություններ | 4116

«ՀայՏեք» կենտրոնում քննարկվել են կիբերանվտանգության խնդիրները

Այսօր «ՀայՏեք» կենտրոնում, ՀՀ պաշտպանության նախարարության եւ «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբերանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:

Մասնակիցներին ներկայացվել է ոլորտի միջազգային առաջատարներից մեկի՝ Checkpoint Software ընկերության նորարարական լուծումները։ 1993թ. հիմնադրված ընկերությունն առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաեւ սեփական արտադրության State ful inspection համակարգերը:

«Հրավիրել ենք աշխարհում ինֆորմացիոն եւ կիբերանվտանգության լիդերներից մեկը համարվող Checkpoint Software ընկերության ներկայացուցիչներին՝ ներկայացնելու կիբերանվտանգության ոլորտում նորագույն լուծումները, փորձը: Սա հնարավորություն է մեզ համար իմանալ, թե այս պահին աշխարհում պաշտպանության ինչ գործիքներ կան ու որոնք կարող ենք օգտագործել պետական եւ ոչ պետական մարմիններում»,- նշել է Softline ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սարգիս Հարությունյանը:
 
Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջվա համեմատ, այսօր պետական եւ ոչ պետական կառույցների մեծ մասը բավական լրջորեն է մոտենում անվտանգությանը, հետեւում է մասնագիտական խորհուրդներին եւ քայլեր է ձեռնարկում իրենց անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արմեն Գնունին իր հերթին հայտարարել է, որ համանման միջոցառումներին իր մասնակցությամբ նախարարությունը մեծացնում է փորձը «եւ օգտագործելով ժամանակակից տեխնիկա ու ծրագրային ապահովում՝ փակում է հնարավոր հարձակման բոլոր բաց կետերը»:

«ՊՆ-ն մշտապես ուսումնասիրում է իր ռեսուրսների վրա կատարված բոլոր հարձակումները, պաշտպանվում դրանցից եւ անհրաժեշտության դեպքում նաեւ պատասխանում նմանատիպ հարձակումներով»,- ասել է Արմեն Գնունին:

Խոսելով վերջին շրջանի կիբերհարձակումների մասին՝ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ հարձակումները կատարվում են աշխարհագրորեն տարբեր վայրերից:

«Սա պայմանավորված է նրանով, որ մեր հարեւանները չեն օգտագործում իրենց IP հասցեները եւ հարձակումները կատարում են տարբեր քաղաքների տարբեր IP-ներից: Վերջին շրջանում հարձակումներ լինում են ոչ թե սերվերային ռեսուրսների վրա, այլ մեծացել են հարձակումները ֆեյսբուքյան եւ թվիթերյան օգտահաշիվների վրա: Ինչ վերաբերում է ՊՆ-ի սոցցանցերի էջերին, ապա դրանք ոչ միայն login-ով եւ գաղտնաբառով են պաշտպանված, այլեւ երկու քայլով նույնականացման (Two Factor Authentication) գործառույթով, ինչը թույլ է տալիս մաքսիմալ պաշտպանել էջերը: Մենք հիմա փորձում ենք ոչ թե պաշտպանվել, այլ զարգացնել գիտելիքները, որպեսզի ապագայում պատրաստ լինենք նոր տիպի հարձակումների: Կան նոր տեսակի հարձակումներ, որոնք ոչ ոքի հայտնի չեն: Օրինակ`այսօրվա մեր հյուրի՝ Checkpoint Software-ի նման ընկերություններն արդեն պատրաստում են նման հարձակումների դեմ պաշտպանվելու միջոցներ»,- ասել է Արմեն Գնունին:

«ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնի գործադիր տնօրեն Լեւոն Պետրոսյանն էլ նշել է, որ այսօր ՊՆ-ն պատրաստ է դիմակայել հակառակորդի կիբերհարձակումներին:

Նա տեղեկացրել է, որ «ՀայՏեք»-ը նաեւ նախազորակոչային տարիքի երիտասարդների մասնագիտական վերապատրաստում է կատարում, իսկ բանակ զորակոչվելուց հետո երիտասարդները ծառայում են ըստ իրենց մասնագիտական գիտելիքների:

Հիշեցնենք, որ «ՀայՏեք» կենտրոնը կազմակերպում է նաեւ ծրագրավորման անվճար դասընթացներ, որոնց դիմելու վերջնաժամկետն ապրիլի 17-ն է: Դասընթացներին մասնակցելու համար տարիքային եւ սեռային սահմանափակում չկա: