Քննարկվում է Stanford ChangeLabs-ի աջակցությամբ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ԿԶՆ (Կայուն զարգացման նպատակներ) ազգային լաբորատորիայի բացումը:
Այս մասին Itel.am-ի հետ զրույցում ասել է Stanford ChangeLabs-ի հիմնադիր եւ տնօրեն Բաննի Բաներջին՝ Երեւանում անցկացված «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովի շրջանակում:
Նա տեղեկացրել է, որ համապատասխան պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք է բերվել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ:
«Բրեդլի Բուզետտոն արդեն քննարկել է հարցը ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, եւ երկու կողմերն էլ ոգեւորված են Հայաստանում ԿԶՆ ինովացիոն լաբորատորիա հիմնելու հեռանկարով: Ինքս էլ բավական ինտենսիվ աշխատում եմ այդ նախագծի վրա, հիմնականում դրա մեթոդոլոգիայի մշակման ուղղությամբ: Սա քննարկվող նախաձեռնություններից միայն մեկն է, սակայն կան նաեւ քննարկման փուլում գտնվող այլ գաղափարներ»,- տեղեկացրել է Stanford ChangeLabs-ի հիմնադիրը:
photo © Մեդիամաքս
Բաննի Բաներջին նաեւ տեղեկացրել է, որ քննարկվում է Հայաստանի եւ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի միջեւ կառավարման համակարգերի փոխանակման հարթակ (Systems leadership exchanging platform) ստեղծելու հարցը:
«Ես դասավանդում եմ Սթենֆորդի համալսարանում, որտեղ համակարգերի վրա հիմնված ինովացիաները, ինչպես նաեւ կառավարման համակարգերը բավական խոր մակարդակով են ուսումնասիրվում: Ներկայում մենք քննարկումների փուլում ենք՝ Հայաստանի եւ Սթենֆորդի համալսարանների միջեւ կառավարման համակարգերի փոխանակման հարթակներ ստեղծելու նպատակով: Ես նախկինում հայերի հետ աշխատելու այնքան էլ շատ առիթներ չեմ ունեցել, սակայն Երեւան այցիս շրջանակում շատ հայերի հետ եմ շփվել եւ անհամբերությամբ սպասում են համագործակցության նոր հնարավորությունների»,- նշել է Stanford ChangeLabs-ի հիմնադիրը:
Stanford ChangeLabs-ը Սթենֆորդի համալսարանում գործող բազմամասնագիտական խումբ է, որի նպատակն է վերազինել գլոբալ լիդերներին եւ նորարարներին հզոր մեթոդներով՝ գլոբալ մարտահրավերներ լուծելու համար:
Stanford ChangeLabs-ի աշխատանքներում ներառված են ուսանողներ եւ պրոֆեսորներ ինչպես Սթենֆորդի, այնպես էլ այլ համալսարաններից: Նախաձեռնության անդամների թվում են նաեւ մասնագետներ ոչ ակադեմիական շրջանակից:
Նարինե Դանեղյան