13:54 | 15.03.17 | Նորություններ | 4918
«Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպությունների միության (ԵՊՑ) նախաձեռնությամբ Երեւանում այսօր կայացել է «Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» թեմայով քննարկում:
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը նկատել է, որ երեխաների անձնական տվյալների պաշտպանության առումով մի շարք քայլեր են արվել եւ շարունակաբար պետք է արվեն:
Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործարարության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը ներկայացնել է գործակալության կողմից պատրաստված «Երեխաների անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցը», պրակտիկայում հանդիպած դեպքերն ու նշել, որ երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը հանդիսանում է կառույցի առաջնահերթ ուղղություններից մեկը:
Խոսքն ուղղելով լրատվամիջոցներինˋ Գեւորգ Հայրապետյանը հորդորել է ուշադիր լինել երեխաներին անձնավորելիս եւ փորձել հասկանալ երեխայի եւ ծնողի շահերի համընկնման սահմանները:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել է համացանցում երեխաների պաշտպանության խնդրի մասին եւ նկատել, որ համացանցում երեխաների անձնական տվյալների եւ առհասարակ պաշտպանության վերաբերյալ նախ պետք է կրթել ավագ սերնդինˋ երեխայի ծնողին կամ խնամատարինˋ տեղեկացնելով, թե ինչ վտանգ կարող է գալ համացանցից: Փորձագետը խնդրի պատճառներից մեկն է համարում նաեւ կրթական համակարգում առկա բացերն ու թերությունները:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքովˋ խնդրի լուծման համար պետք է կազմակերպել հանրային իրազեկման ծրագիրˋ առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաների խնամատարներին, իսկ լրատվամիջոցների համար մշակել էթիկայի կոդեքս, որտեղ կամրագրվեն առավել կոշտ խախտման դեպքերը։