15:14 | 14.03.17 | Նորություններ | 5528

PicsArt-ի տնօրենը բարձրաձայնել է ՀՀ-ում մասնագետների պակասի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նախօրեին այցելել է «Թումո», ինչպես նաեւ նույն տարածքում գտնվող PicsArt ընկերություն:

Ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը նախարարին տեղեկացրել է, որ օրական 3 մլն լուսանկար է մշակվում PicsArt-ում:

«85 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր ունենք եւ  ավելի քան 350 միլիոն ներբեռնում, սակայն Հայաստանում հավելվածն օգտագործողների թիվը մեծ չէ»,- նշել է Միքայել Վարդանյանը:

Picsart-ի տնօրենն ընդգծել է, որ իրենց ունեցած գլխավոր խնդիրը մասնագետների պակասն է: Ընկերությունն ակնկալում է կրթական համագործակցություն մասնավոր ընկերություն-համալսարան ձեւաչափով՝ պատրաստելու համապատասխան մասնագետներ եւ  լրացնելու ոչ միայն իրենց, այլեւ հայաստանյան մյուս ՏՏ ընկերությունների թափուր աշխատատեղերը:

«Թումո» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանն էլ տեղեկացրել է, որ առաջատար համալսարաններից մի քանիսի հետ համագործակցությամբ մշակվում են կրթական ծրագիր, որոնք 5 տարում պետք է կրկնապատկեն Հայաստանում ծրագրավորողների թիվը: