11:05 | 09.03.17 | Հարցազրույցներ | exclusive 43312
Փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը 26 երկրից հյուրընկալել է 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:
TechChill-ի կազմակերպիչը TechHub Riga-ն է, գլխավոր հովանավորներն են ALTUM, TWINO եւ Printful ընկերությունները:
Ալեքսանդր Թոնիսոնն Էստոնիայի Տարտու քաղաքում գործող Buildit աքսելերատորի համահիմնադիրն է եւ գործադիր տնօրենը: Buildit-ը Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայում առաջին աքսելերատորն է, որը կենտրոնացած է hardware ստարտափներում կատարվող ներդրումների ուղղությամբ: Աքսելերատորին կարող են դիմել ստարտափներ ամբողջ աշխարհից: Ընտրված թիմերը, մենթորներից ստացած խորհրդատվությունից եւ կապերից բացի, ստանում են €3000 ներդրում:
Itel.am-ի լրագրողը ներկա է եղել TechChill-ին եւ զրուցել Ալեքսանդր Թոնիսոնի հետ:
- Buildit աքսելերատորում հայկական ստարտափները ներկայացված եղե՞լ են:
- Այս ընթացքում հայկական որեւէ ստարտափ չի մասնակցել մեր ծրագրին, չգիտեմ, թե քանի հայտ է ստացվել Հայաստանից, կարծում եմ՝ մի քանիսը եղել են՝ հաշվի առնելով այն, որ հայտեր ստանում ենք աշխարհի 60 երկրից:
Մենք փնտրում ենք hardware ստարտափներ, սակայն ուշադրության են արժանանում նաեւ այն ստարտափները, որոնք ստեղծագործական արդյունաբերության (creative industry) լուծումներ են ներկայացնում: Լավագույն տարբերակն այն է, երբ ստարտափը միավորում է այս երկու հատկանիշները:
Այս պահին աքսելերացիոն ծրագիրն ընթանում է տարին երկու անգամ: Յուրաքանչյուր ծրագիր տեւում է 6 շաբաթ: Հարկավոր է լրացնել կայքում առկա դիմում հայտը:
- Հաշվի առնելով ձեր՝ ստարտափներից հայտեր ստանալու փորձը, որո՞նք են գլխավոր սխալները, որ գործում են ստարտափները հայտը լրացնելիս:
- Ամենամեծ սխալներից է այն, որ թիմերը, չափազանց երկար մտածելով իրենց գաղափարի մասին, մոռանում են, որ հայտը կարդացողն առաջին անգամ է ծանոթանում գաղափարին: Հաճախ ենք հանդիպում կարճ պատասխանների այնպիսի հարցերի դեպքում, որոնք իսկապես կարեւոր են: Օրինակ, հարցը, թե ովքեր են ձեր մրցակիցները, հիմնականում ունի հետեւյալ շաբլոն պատասխանը՝ «Մենք մրցակիցներ չունենք», ինչը միշտ սխալ է: Հավատացնում եմ՝ աշխարհում չկա որեւէ պրոդուկտ, որը չունենա մրցակիցներ: Այնպես որ, որքան շատ ինֆորմացիա նշված լինի հայտում, այնքան լավ:
Մյուս սխալն այն է, որ հաճախ թիմերը չեն զգում կամ ուշադրություն չեն դարձնում այն երեւույթին, որ վաղ շրջանում ներդրումը ոչ թե պրոդուկտում է կատարվում, այլ թիմում: Պետք է հայտում շեշտը դնել թիմի վրա, նշել, թե ինչ համատեղ փորձ ունեք, ինչ ծրագրեր եք միասին իրականացրել, երբվանից եք ճանաչում միմյանց:
Ներդրողի տեսանկյունից շատ կարեւոր է, որ դա չլինի ձեր թիմի՝ միասին մշակած առաջին պրոդուկտը: «Մենք միմյանց ճանաչում ենք 6 ամիս» արտահայտությունն այնքան էլ չի օգնում: Ներդրողը ցանկանում է լսել, թե որտեղ եք հանդիպել, ինչ պայմաններում: Այնպես որ տրամադրե՛ք հնարավորինս շատ տեղեկատվություն թիմի մասին, քանի որ ձեր առաքելությունն է համոզել, որ թիմն ուժեղ է:
Գաղափարը, բիզնես մոդելը հեշտորեն կարելի է փոխել, ինչը չի կարելի անել թիմի դեպքում:
Ալեքսանդր Թոնիսոնը եւ Նարինե Դանեղյանը