10:31 | 16.02.17 | Հարցազրույցներ | exclusive 35395

    Բեն Կոստանտինի. Startup Sesame-ը ցանկանում է «գալ» Արեւելյան Եվրոպա

    Փետրվարի 9-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը 26 երկրից հյուրընկալել է 1000-ից ավելի ներդրողների, ստարտափների հիմնադիրների, ձեռներեցների եւ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների:

    Փարիզում բնակվող Բեն Կոստանտինին Եվրոպայի տեխնո միջոցառումների ամենամեծ միության՝ Startup Sesame-ի գործադիր տնօրենն է: Startup Sesame աքսելերացիոն ծրագիրը առաջինն է Եվրոպայում, որը տրամադրում է խորհրդատվություն՝ կապված միջոցառումների (events) կազմակերպման հետ՝ օգնելով ստարտափներին կոնֆերանսների, կրթության եւ կապերի հաստատման միջոցով զարգանալ:

    Itel.am-ի թղթակիցը ներկա է եղել TechChill-ին եւ զրուցել Բեն Կոստանտինիի հետ:

    - Startup Sesame-ն իրականացնում է միջոցառումների (events) ուղղվածության աքսելերացիոն ծրագիր: Ի՞նչ է այն:  

    - Կարեւոր է հասկանալ այն, որ մենք չենք կազմակերպում տեխնոլոգիական միջոցառումներ, մենք մեկ ցանցի մեջ ենք դրանք հավաքագրում, ինչն իր հերթին օգնում է ստարտափներին միջազգային մակարդակով աճ ապահովել՝ ճիշտ ժամանակին ներկա լինելով ճիշտ կոնֆերանսին: Մենք նախապես դիտարկում ենք մի շարք հանգամանքներ, այդ թվում, թե որքանով է տվյալ միջոցառումը տվյալ ստարտափի բիզնեսին, ռազմավարությանը համապատասխան եւ օգտակար:  

    Ներկայում մենք ունենք 25 գործընկեր միջոցառումներ եւ 12 ակտիվ ստարտափ: Նույն առաջարկը գործում է կորպորատիվ ընկերությունների եւ ներդրողների համար եւս:

    Սա ինչ-որ չափով նման է աքսելերացիոն ծրագրի, քանի որ մենք ընտրում ենք այն ստարտափներին, որոնց հետ պետք է համագործակցենք: Հաշվի են առնվում բիզնես չափանիշները, ինովացիոն բաղադրիչը, շուկայի պահանջարկը եւ այլն:

    photo © Ruslan Zavacky


    Եթե ձեր ստարտափը նախկինում չի մասնակցել միջոցառումների, կամ կարծում է, որ նման միջոցառումների մասնակցությունը օգտակար չէ, ապա մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել: Դա է պատճառը, որ մեր հետաքրքրության կենտրոնում են սաղմնային (seed) փուլն անցած ստարտափները, որոնց համար տարեկան 3-4 միջոցառման մասնակցությունը պարտադիր է, հետեւաբար՝ նրանք համոզված են, որ այնտեղ պարզապես ժամանակ չեն վատնելու:  

    - Իսկ ինչպե՞ս կարող են Հայաստանը եւ հայկական ստարտափները մասնակցել Startup Sesame-ի կազմակերպած ծրագրերին:

    - Ներկայում դա բավական պարզ գործընթաց է: Հայկական ստարտափները կարող են դիմել մեր եվրոպական ծրագրերին, քանի որ Եվրոպա ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն ԵՄ երկրները: Սակայն Արեւելյան Եվրոպայում մի փոքր ավելին անելու համար մենք պետք է այդ տարածաշրջանում ընդլայնենք մեր ցանցը: Իսկ ներկայում մեր ունեցած հաջողակ պատմությունները հիմնականում Արեւմտյան Եվրոպայի ստարտափներին են վերաբերում: Վերջիններս արդեն տեղյակ են անցկացվող հիմնական կոնֆերանսների մասին եւ մեր շնորհիվ ավելի շատ միջոցառումների են մասնակցում:

    Եթե հայկական ստարտափը ցանկանում է մասնակցել ՏՏ որեւէ միջոցառման, օրինակ, Ֆրանսիայում, նա նախապես պետք է մի շարք բաներ իմանա: Եվ նրանց փորձառությունն ավելի արժեքավոր դարձնելու համար Startup Sesame-ը պետք է ունենա սեփական ցանցը եւ միջոցառումները տարածաշրջանում, եւ խոսքն այստեղ ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի մասին է:  

    Մենք հետաքրքրված ենք Արեւելյան Եվրոպայում ավելի մեծ ներկայացված լինելու հեռանկարով: Հարկ է նշել, որ ունենք, այսպես կոչված, գործընկերային միջոցառումներ (partner events), եւ եթե մարդիկ ցանկանում են համագործակցել մեզ հետ, կարող են գրել մեզ:

    photo © Edijs Palens


    - Ո՞րը կլինի ձեր խորհուրդն այն ստարտափներին, որոնք շուտով պետք է աքսելերացիոն որեւէ ծրագրի մասնակցության հայտ լրացնեն:

    - Նախապե՛ս պատրաստվեք: Եթե վերջնաժամկետն այդ օրվա կեսգիշերն է, ապա պետք չէ սկսել լրացնել հայտը դրանից մեկ ժամ առաջ: Եթե դուք ստարտափ եք, որի զարգացումը կախված է տվյալ աքսելերացիոն ծրագրից, ապա պետք է հասկանաք, որ հաջողությունը հիմնված է նախնական հետազոտության վրա, իսկ դրա համար հարկավոր է մի փոքր ժամանակ ծախսել:  

    Մեզ ուղարկված հայտերի 30-40%-ն ամբողջական չեն, մարդիկ պարզապես չեն պատասխանում առաջադրված բոլոր հարցերին: Սակայն ստարտափը պետք է գիտակցի, որ հայտի պատշաճ լրացումը եւս ժյուրիին կարող է համոզել, որ մասնակցությունը ձեր ստարտափի համար իսկապես կարեւոր է:

    Բեն Կոստանտինիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

    TechChill-ի կազմակերպիչը TechHub Riga-ն է, գլխավոր հովանավորներն են ALTUM, TWINO եւ Printful ընկերությունները: