Հայաստանում գործարկվել է նկարների տպագրության OnlineKodak հարթակը, որը հնարավորություն է տալիս լուսանկարը տպագրելու առցանց հրահանգ ուղարկել եւ ստանալ լուսանկարը «Հայփոստ»-ի սուրհանդակից՝ նախընտրած վայրում:

Հարթակը գործարկվել է 2016թ. դեկտեմբերին, մինչ օրս ստացվել է ավելի քան 10 հազ. լուսանկարի տպագրության պատվեր: Թիմի կազմում են հաթակի հիմնադիր Ջանիկ Սեւոյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) նախկին ուսանող Լիլի Քոչարը եւ լուսանկարիչ Սարգիս Մկոյանը:

Ջանիկ Սեւոյանը ՀԱՊՀ ուսանող է, 2016թ. ՀՀ նախագահի կրթական պարգեւի մրցանակակիր: Նա նշում է, որ ստացված դրամական պարգեւն ուղղել է ստարտափի զարգացմանը:  


Ջանիկ Սեւոյանի խոսքով՝ հարթակը լուսանկարների տպագության առաջին առցանց հավելվածն է՝ ֆիլատելիայի զարգացման եւ անձնական տվյալների անվտանգության պահպանման քաղաքականությամբ:  

«Այսօր աշխարհում բոլորն իրենց լուսանկարները պահում են օնլայն ամպային սերվերներում: Սակայն դա անվտանգ չէ, քանի որ այդ սերվերները կարող են վերանալ աղետների կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Արդյունքում կկորեն նաեւ միլիոնավոր մարդկանց հիշողությունները: Ունենալ նկարները տպած վիճակում, նշանակում է ունենալ քեզ ուղեկցող հիշողությունները քեզ մոտ»,- ասում է Ջանիկ Սեւոյանը:

Ծառայության դիմաց վճարումը կատարվում է լուսանկարի պատվիրման պահին առցանց՝ VISA, MasterCard, ArCa քարտերով, ինչպես նաեւ սմարթֆոնով վճարման հնարավորությամբ, ինչը շուկայում նորություն է:



Լուսանկարները հնարավոր է ուղարկել սմարթֆոնից, համակարգչից, ֆոտոապարատից, «խելացի» հեռուստացույցից եւ այլ սարքավորումներից:

«Հարթակը երաշխավորում է ստացվող տեղեկատվության գաղտնիությունը: Ձեր լուսանկարները ոչ ոք չի տեսնում, սարքը, ավտոմատ տպագրելով այն, դնում է փակ ծրարի մեջ, որը հասնում է ձեզ, իսկ լուսանկարը ջնջվում է սերվերից: Նկարների առաքումը կատարվում է անվճար: Նշեմ, որ այստեղ կարեւոր է նաեւ նամականիշների ստացման գործոնը, քանի որ ցանկանում ենք, որ ֆիլատելիայի մշակույթը վերաձեւավորվի Հայաստանում»,- ընդգծում է Ջանիկ Սեւոյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում կայքը կթարգմանվի 70 լեզվով:

Մոտ ապագայում ստարտափը կներկայացնի նաեւ նոր առաջարկ՝ աշխարհում առաջին բազմաֆունկցիոնալ լուսանկարները՝ multiPhoto: Դրանց հետ միասին հասանելի կդառնան multiFrame ունիվերսալ շրջանակը եւ multiAlbum բազմաձեւ հենդմեյդ ալբոմները, որոնք պատրաստվելու են հայաստանյան մեկ այլ ձեռագործ ստարտափի՝ Tevian Handmade Accessories-ի կողմից:

Նարինե Դանեղյան