16:22 | 23.02.17 | Նորություններ | 5835

Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում «Արմաթ» է բացվել

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համատեղ Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Քարինջի խմբակում ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, որոնք հանդիպում են շաբաթական 6 ժամ։ Այժմ նրանք սովորում են «Աղուես», «Կրիայ»/Kturtle ծրագրերը, որից հետո կսկեն ռոբոտներ հավաքել լաբորատորիայում առկա հավաքածուից, եռաչափ տպիչով եւ շաղափային հաստոցով անհրաժեշտ դետալներ պատրաստել։

«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, ինչ ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ Հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ն տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն ապահովել է ծրագրային ապահովումը՝ ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

«Մենք կարեւորում ենք մարզերում տեխնոլոգիական ժամանակակից կրթության ապահովումը, քանի որ այն իր հետ բերելու է նաեւ համայնքային ձեռներեցության զարգացում: Վստահ եմ, որ այս լաբորատորիայի սաներն առաջիկայում հանդես կգան իրենց ստեղծարար եւ մրցունակ գաղափարներով»,- ընդգծել է ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը։

Քարինջի լաբորատորիայի փաթեթը ներառում է նաեւ 3D տպիչ սարք եւ CNC շաղափային հաստոց։ 3D տպիչը կարող է բաղադրիչ մասեր պատրաստել ապագա ռոբոտների համար։

Նույն օրը ռոբոտիկայի լաբորատորիա է բացվել նաեւ Դսեղի դպրոցի ստեղծագործարանում։