17:15 | 22.02.17 | Նորություններ | 12271
PicsArt-ը գործարկել է Remix Chat նոր գործառույթը, որի միջոցով օգտագործողները մինչեւ 50-հոգանոց խմբային ուղիղ հաղորդագրությունների միջոցով կարող են լուսանկարներ տարածել եւ տարբեր գործիքներ օգտագործելով՝ խմբագրել դրանք ընկերների հետ միասին։
Գործառույթից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել PicsArt-ի թարմացված տարբերակը եւ սեղմել «ուղիղ հաղորդագրություն» կոճակի վրա։ Հարկավոր է ընտրել լուսանկարը, որը ցանկանում եք ուղարկել։ Ձեր ընկերները նկարը բացելու պահին միանգամից կտեղափոխվեն PicsArt-ի խմբագրիչ եւ կկարողանան նկարի վրա ավելացնել սեփական ռեմիքսը։ Կարելի է օգտագործել սթիքերներ, ֆիլտրեր, տեքստ, կոլաժ էֆեկտներ, արհեստական բանականությամբ օժտված Magic Effects-ը եւ այլ գործառույթներ։
Remix Chat-ը ներկայում հասանելի է iOS եւ Android սարքերի համար ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ մի շարք այլ երկրներում: Ամբողջ աշխարհում այն հասանելի կդառնա առաջիկա շաբաթներին:
PicsArt-ը ներկայում ունի ավելի քան 85 մլն ամսական ակտիվ օգտագործող, իսկ հարթակում լուսանկարների ներբեռնումների թիվն օրական կազմում է 2,5 մլն։
Ընկերությունը 2016թ. մայիսին ներկայացրել էր Remix գործառույթը, որը հնարավորություն էր տալիս գտնել եւ խմբագրել նկարներ ամբողջ աշխարհից։
«Մենք ոգեւորված ենք հայտարարել Remix Chat-ի գործարկումը, քանի որ կարծում ենք, որ սա հաջորդ քայլն է մեր առաքելության իրականացման ուղղությամբ՝ այն է ստեղծել ամենաամբողջական կրեատիվ սոցիալական հարթակը մոբայլ սարքերի համար։ Մարդիկ մինչ օրս ստեղծում եւ տարածում էին հիանալի լուսանկարներ, մեմեր եւ մեդիա կոլաժներ PicsArt-ով։ Հիմա նրանք կարող են այդ ամենը միասին անել, խոսակցության մեջ՝ Remix Chat-ի միջոցով»,- նշել է PicsArt-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։