15:23 | 20.02.17 | Նորություններ | 5087

«Սիներջի»-ն անվճար դասընթացներ կանցկացնի զորացրված երիտասարդների համար

«Սիներջի» ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար:

Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «Սիներջի» ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

«Սիներջի» ընկերության կողմից անցկացված նախնական թեստավորման արդյունքների հիման վրա ձեւավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux եւ QA manual: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձնեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավորություն կստանան «Սիներջի»-ում կամ այլ ընկերություններում:

«Շատ ուրախ ենք, որ ԻՏՁՄ անդամ կազմակերպությունը՝ ի դեմս Սիներջի ընկերության, անգնահատելի ներդրում է կատարում հայրենիքի պաշտպան տղաների տեխնոլոգիական կրթության ոլորտում», նշել է Կարեն Վարդանյանը՝ կարեւորելով զինծառայություն անցած եւ ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը»,- նշել է Կարեն Վարդանյանը:
 
«Մեր թիմը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանության ձեր ներդրումը եւ ցանկանում ենք ձեզ աջակցել մասնագիտանալու ու լավ աշխատանք ձեռք բերելու հարցում»,- ասել է Աշոտ Հովհաննիսյանը:

Ներկայում «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրկված երիտասարդների թիվը հասնում է շուրջ 140-ի: