17:52 | 16.02.17 | Նորություններ | 15891

Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է Ucom լաբորատորիա

Ucom ընկերության ղեկավար Հայկ Եսայանն ու Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն այսօր ազդարարել են Ucom համակարգչային եւ ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիայի բացումը:

Լաբորատորիան նպատակ ունի նախապատրաստել Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը համալրող ապագա մասնագետների:

«Ցանցային տեխնոլոգիաների մասնագետներն այսօր ամենապահանջվածներից են հատկապես հեռահաղորդակցության ոլորտում, ուստի այս նորաբաց համալսարանական լաբորատորիան որոշակի դարբնոց պետք է դառնա բոլոր այն ուսանողների համար, ովքեր մեր ընկերության տեխնիկական անձնակազմում են տեսնում իրենց ապագան: Կրթական այն ծրագիրը, որով ներկայումս առաջնորդվում են Պոլիտեխնիկական համալսարանում, հիմք կհանդիսանա լաբորատորիայում խորացված մասնագիտական գիտելիքներ ստանալու եւ գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Այս ամենը կարեւոր նախադրյալ է օրեցօր զարգացող հեռահաղորդակցության ոլորտում աշխատանքի անցնելու համար»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:  

Ucom-ը տեղեկացնում է նաեւ, որ շուտով կմեկնարկի ծրագիր, որի նպատակն է աջակցել նորավարտ ուսանողներին: