09:31 | 14.02.17 | Նորություններ | 14705

    Ucom-ը 16.6 միլիարդ դրամի ներդրում կկատարի

    ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է «Յուքոմ» ընկերություն:

    Փետրվարի 13-ին կայացած այցի ընթացքում ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ասել է, որ ոլորտի վերափոխումների համատեքստում «Յուքոմ»-ը ավանդական ծառայություններին զուգահեռ բաժանորդներին առաջարկում է նաեւ ինտերնետային նոր ծառայություններ, ինչպիսիք են՝ բջջային հեռուստատեսությունն ու կոմունալ վճարումների «Յուփեյ» համակարգը:

    Անցած տարվա սեպտեմբերին մեկնարկել է նաեւ «Յուքոմ»-ի կողմից  Հայաստանում առաջին անգամ գործարկված 4G+ ցանցի աշխատանքը: Ներկայում 4G+ ցանցը հասանելի է 55 բնակավայրում, այս տարի կկատարվեն ցանցի ընդլայնման աշխատանքներ:

    Հայկ Եսայանը նշել է, որ 2017-ին ընկերությունը նախատեսում է 16.6 միլիարդ դրամի ներդրում կատարել:

    «Յուքոմ»-ի ներկայացուցիչները հայտնել են նաեւ, որ պայմանագիր են կնքել Apple ընկերության հետ, որի համաձայն Հայաստանի համար արտադրված Apple-ի սարքավորումների նոր խմբաքանակներն այսուհետ կունենան առանձին սերիական կոդ: