15:47 | 13.02.17 | Նորություններ | 5392
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ Եվրոպական Միության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ, մեկնարկում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրը:
Այն ուղղված է Շիրակի մարզի գործազուրկ երիտասարդների կարողությունների զարգացմանն ու ՏՏ ընկերությունների ընդլայնմանը:
Անվճար ծրագրի շրջանակում ծրագրավորման ինտենսիվ դասընթացներ կանցնեն 17-35 տարեկան 200 գործազուրկ երիտասարդներ, որոնք հետագայում թիմերով կաշխատեն Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների կողմից առաջարկվող նախագծերի վրա: Նախատեսվում է, որ առնվազն 90 մասնակից կանցնի աշխատանքի։
Հայտը հասանելի է այստեղ: Վերջնաժամկետը մարտի 1-ն է: Բոլոր դիմորդները մարտին հանձնելու են մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները եւ տրամաբանությունը ստուգող թեստ եւ հարցազրույց:
«Մեր անցկացրած նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Շիրակում գործող ՏՏ ընկերությունները ունեն ծրագրավորողների մեծ պահանջարկ, մինչդեռ գործազրկության մակարդակը մարզում շարունակում է բարձր մնալ։ Ծրագրի միջոցով մենք փորձելու ենք լրացնել այս բացը. ըստ ընկերությունների կարիքների՝ պատրաստելու ենք կրտսեր ծրագրավորողների, ովքեր կունենան ծրագրավորման գործնական հմտություններ եւ կկարողանան ծրագրից հետո անցնել աշխատանքի։ Քանի որ ցանկության դեպքում ծրագրավորում հնարավոր է սովորել ցանկացած տարիքում, ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ կլինի ունենալ մաթեմատիկական լավ գիտելիքներ եւ տրամաբանություն»,- նշել է ՄԻԿ տնօրեն Արտաշես Վարդանյանը։