ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «ՎիմպելԿոմ» ընկերության փոխնախագահ Ալեքս Մատյուշկային եւ «Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։
Նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 9-ին կայացած հանդիպմանը «քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները եւ զարգացման հեռանկարները»։
photo © http://mtcit.am
«Խստացող մրցակցության պայմաններում «ՎիմպելԿոմ»-ը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններից անցում կատարելով դեպի թվային ծառայություններ: «Արմենտել»-ը եւս Հայաստանում վերափոխվելու է թվային օպերատորի` ամբողջությամբ արդիականացված էլեկտրոնային ծառայություններ առաջարկելով հաճախորդներին։ «ՎիմպելԿոմ»-ի ներկայացուցչի խոսքով` այդ տեսանկյունից Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է։ Արդիականացման աշխատանքները ներառելու են նաեւ ֆիքսված ցանցի մի մասը։
Ալեքս Մատյուշկան նախարարին ներկայացրեց նաեւ այս տարվա ներդրումային ծրագիրը։ Քննարկման արդյունքում ընկերության ներկայացուցիչը խոստացավ Հայաստանում ներդրումների նախատեսված ծավալը ավելացնել $ 15 մլն-ով», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: