14:27 | 26.12.16 | Նորություններ | 7113

«Օպերատորների Հայկական Միություն»-ը կզբաղվի ՏՏ ոլորտի խնդիրների լուծմամբ

Հեռահաղորդակցության, ինչպես նաեւ բովանդակության ստեղծման, տարածման ոլորտներում գործող հայաստանյան 8 ընկերություն ստեղծել են «Օպերատորների Հայկական Միություն» իրավաբանական անձանց միությունը, որը պաշտոնապես գրանցվել է դեկտեմբերի 20-ին:

«Օպերատորների Հայկական Միության» գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ նորաստեղծ միությանն անդամակցել են «Արանեա», «Արփինետ», «Արմինկո», «Հիբրիդ Սոլյուշնս», «Ինտելինկ», «Սմայլ Սիստեմս» եւ «Աշտարակ Էլիտ» ընկերությունները:

«Միությունը ստեղծվել է, քանի որ գիտակցում ենք, որ կան նեղ ոլորտային խնդիրներ, որոնք պահանջում են իրենց շահերի պաշտպանությունը: Միության նպատակներից է հավակնոտ ծրագրերի նախագծումն ու իրականացումը, ինչպես նաեւ ոլորտի այլ ասոցիացիաների, միությունների, պետական կառավարման մարմինների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովումը: Չնայած դեռ նոր ենք ստեղծվել, սակայն արդեն իսկ ունենք ոլորտի զարգացման մի շարք ուղղությունների վերաբերյալ առաջարկներ, իրականացնում ենք հստակ քայլեր շահերի պաշտպանության, օրենսդրական բարեփոխումների, գործընկերներ կառույցների հետ համագործակցության շրջանակներ մշակելու ուղղությամբ»,- նշել է Վահան Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ ներկայում աշխարհը կանգնած է թվային 2-րդ հեղափոխության շեմին, որի բաղկացուցիչ մասերից են հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը, ինչպես նաեւ տեխնոլոգիական ստանդարտների ներդրումը:

«Մենք Հայաստանում եւ դրսում ունենում ենք մի շարք միջոցառումներ, որտեղ ներկայանում ենք որպես հայկական ՏՏ: 2019թ. Հայաստանում կայանալու է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT): Այս առումով մենք եւ մեր գործընկերները պետք է այնպիսի համապարփակ ծրագիր կազմենք, որպեսզի ամեն միջոցառման մասնակցություն ունենա հստակ գործունեության ծրագիր: Եթե ցանկանում ենք WCIT կազմակերպել, պետք է հասկանանք, թե դա ինչ կտա մեզ: Մենք ցանկանում ենք այդտեղ ունենալ արդյունք, օրինակ, որեւէ խոշոր միջազգային ընկերության՝ Հայաստանում մասնաճյուղ բացելու հեռանկար: Բայց դա մեկ միջոցառումով տեղի չի ունենա: Հարկավոր է հայաստանյան եւ արտերկրի բոլոր միջոցառումներն օգտագործել՝ առաջացնելով Հայաստանում մասնաճյուղեր բացելու հետաքրքրություն»,- ընդգծել է Վահան Հովսեփյանը՝ ասելով որ նպատակ ունեն Հայաստանում ICANN -ի (Ինտերնետային դոմենային անունների գրանցմամբ զբաղվող միջազգային կազմակերպություն) տարածաշրջանային գրասենյակ բացել:
 
Վահան Հովսեփյանը տեղեկացրել է, որ միության ստեղծմանն ընդառաջ բազմաթիվ ընկերություններ հետաքրքրված են անդամակցելու միությանը, իսկ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է անդամակցության հայտ եւ ներգրավվել միության կազմում։

Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ միության անդամների թիվը կհասնի 20-ի։