09:41 | 16.12.16 | Նորություններ | 15895

FPWC-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են նկարչական մրցույթի արդյունքները

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են Համահայկական  նկարչական 9-րդ մրցույթի արդյունքները։

Մրցույթին ներկայացված էր ավելի քան 600 նկար։ Հայաստանի եւ Սփյուռքի 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ պատկերել էին բնության եւ շրջակա միջավայրի մասին իրենց մտորումները: Հայտարարված 3 անվանակարգում մրցանակ է ստացել 12 պատանի:

«Բնապահպանական պայքարի այն տարբերակը, որն ընտրել են մրցույթի մասնակիցները՝ յուրահատուկ է եւ արդյունավետ: Այստեղ դժգոհությունն արտահայտվում է լուռ, բայց՝ դիպուկ: Աղաղակում է ոչ թե մարդու խոսքը, այլ՝ բնությունն ինքը: Յուրաքանչյուր մասնակից դառնում է իր իսկ նկարով բարձրացրած հարցի պատասխանը կրողը՝ պարտավորվելով հետագայում ուշադիր լինել շրջակա միջավայրի պահպանության հարցում: Կրթվում է մի ամբողջ սերունդ, որն առավել քան կարեւոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ-ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության եւ «Արեւորդի» էկո-ակումբների հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին շնորհվել է «Կայուն մոլորակ» մրցանակը: