ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը
14:58 | 14.12.16 | Նորություններ | 9936
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կիրականացնեն գիտատեխնիկական ոլորտում ձեռնարակատիրական գործունեությանն ու նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային նոր մրցույթներ:
ՁԻՀ-ում հայտնել են, որ նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019 թվականների ընթացքում կհատկացվի 18 դրամաշնորհ` €30 000-ից մինչեւ €50 000՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տեւողությամբ ծրագրերի համար:
Գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019 թվականների hամար կհատկացվի շուրջ 10 դրամաշնորհ՝ €15 000 ծավալով, նախատեսված առավելագույնը 12 ամիս տեւողությամբ ծրագրերի համար:
Ներկայում արդեն իսկ բաց է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթը, եւ ընդունվում են մասնակցության հայտեր: Կարող են մասնակցել հայաստանյան ընկերությունները, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն եւ համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում, առնվազն մեկ տարի գրանցված են ՀՀ-ում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է:
«Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի տեխնոլոգիական համայնքի եւ ընդհանրապես երկրի համար, որովհետեւ այն ոչ միայն աջակցություն է տրամադրում կազմակերպություններին, այլ բարձրացումն է երկրի մրցունակությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող նման ծրագրերը ցույց տվեցին, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել կազմակերպություններ, որոնք մշակում են սեփական լուծումներ ու արտադրանք: ՁԻՀ-ի կողմից Հայաստանում շուրջ 10 տարի է՝ բավականին հաջող իրականացվում է Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր (STEP), որի շրջանակում աջակցություն են ստացել 50-ից ավել սկսնակներ: Հաջող օրինակներից է նաեւ Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը, երբ մենք կարողացանք ստեղծել հայկական լուծումներ, որոնք այսօր փայլում են աշխարհի քարտեզի վրա»,- նշել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Դրամաշնորհների մրցույթը կհայտարարվի 2017թ. հունվարի կեսին: