17:46 | 08.12.16 | Նորություններ | 11248

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Չինարիում գործարկվել է ոռոգման նոր համակարգ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Չինարի գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ:

Ընթացիկ տարում սա Չինարիում կողմերի նախաձեռնությամբ իրականացված երկրորդ ծրագիրն է:

«Սահմանամերձ գյուղերը եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Մենք առաջնորդվում ենք  պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այս մտածելակերպն, ի դեպ, ընդունելի արժեհամակարգ է դարձել մեր աշխատակիցների համար: Գուցե, հենց դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր նախագծերում իրենց անձնական ներդրումն են կատարում նաեւ մեր ընտանիքի անդամները: Լինում են նաեւ կամավորականության սկզբունքով իրականացվող աշխատանքներ: Չինարին մեկն է այն գյուղերից, որտեղ կոնկրետ ներդրում է եղել թե՛ կազմակերպության, թե՛ նրա աշխատակիցների կողմից: Սա այն գյուղերից է, որի բնակիչներն իրենց կենսակերպով ոչ միայն հողի մշակ են, այլեւ՝ սահմանապահ: Թիրախային այս խմբի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը պարտադիր են: Եվ այդ հարցում մոտեցումը պետք է լինի միասնական. անկախ նրանից այդ ուշադրությունը դրսեւորվում է պետության կողմից, թե՞ մասնավոր հատվածից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: