17:37 | 02.12.16 | Նորություններ | 4002
Facebook-ը արհեստական բանականության օգնությամբ կհայտնաբերի ֆեյք նորությունները եւ բռնության տեսարանները՝ ուղիղ հեռարձակումների ընթացքում:
Այս մասին գրում է Vedomosti-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին:
Facebook-ում դեռեւս չեն որոշել, թե ինչպես են արհեստական բանականությունն օգտագործելու ֆեյք նորությունների դեմ պայքարում: Ամենայն հավանականությամբ, արհեստական բանականությունը կճանաչի նորություններում որոշակի բառեր եւ արտահայտություններ:
ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջին ընտրարշավի ժամանակ Facebook-ը, Twitter-ը եւ Google-ը սուր քննադատության էին ենթարկվել՝ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի հասցեին ֆեյք նորությունների ակտիվ տարածման համար:
Ֆեյք լուրերը Facebook-ում այդ ժամանակահատվածում ավելի մեծ լսարան են զբաղեցրել, քան օրինակ New York Times-ի, Washington Post-ի մատուցած ինֆորմացիան: Այսպես, 20 ամենահայտնի ֆեյք նորությունները փետրվար-նոյեմբեր ամիսներին տարածվել էին 8.7 մլն անգամ, մինչդեռ թոփ 20 ռեալ նորությունները՝ 7.4 մլն տարածում էին ունեցել:
Ավելի վաղ սոցցանցի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը ժխտել էր ցանցում ֆեյքերի առկայությունը, սակայն հետագայում քայլեր էր ձեռնարկել՝ դրանց դեմ պայքարի համար: Ցուկերբերգը նոյեմբերին նշել էր, որ Facebook-ը, հետեւելով Google-ի օրինակին, այլեւս չի աշխատի գովազդային այն կայքերի հետ, որոնք տարածում են ֆեյք նորություններ: Ընկերությունը օգտատերերին կտեղեկացնի նաեւ, եթե այս կամ այն նորության աղբյուրը կասկածելի լինի: