Հայաստանը հոկտեմբերի վերջին Սեուլում կայացած Որակի Ապահովման սերտիֆիկացիա տրամադրող համաշխարհային առաջատար ընկերության (ISTQB) գլխավոր ասամբլեայի ժամանակ դարձել է ISTQB-ին անդամակցող 53-րդ երկիրը:
Հայաստանի անդամակցության եւ մասնագիտության առանձնահատկությունների շուրջ Itel.am-ը զրուցել է «Որակի ապահովման մասնագետների հայկական միության» եւ ISTQB–ի հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիր Արթուր Մկրտչյանի հետ:
- Ինչո՞վ են զբաղվում որակի ապահովման (QA) մասնագետները, եւ ո՞րն է նրանց հիմնական դերը ծրագրային ապահովման մշակման գործընթացում:
- Ծրագրային ապահովումը, ինչպես ցանկացած տեսակի արտադրանք, ունի որակական հատկանիշներ: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ծրագրերը շրջապատում են մեզ ամենուր՝ կենցաղային տեխնիկա, համակարգիչներ, սմարթֆոններ, առողջապահություն, ռազմական արտադրանք եւ այլն: Այս պարագայում, տարբեր են ծրագրային համակարգերի որակի նկատմամբ պահանջները: Անորակ ծրագիրը կարող է պարունակել տարբեր ռիսկայնության սխալներ, որոնք կարող են հանգեցնել տարբեր բացասական հետեւանքների` ընդհուպ մինչեւ մարդկային զոհերի:
Ծրագրերի որակական հատկանիշներով հիմնականում զբաղվում են որակի ապահովման մասնագետները: Վերջիններիս դերն առկա է ծրագրերի նախագծման փուլից մինչեւ վերջնական արտադրանք տալու փուլ, իսկ աշխատանքի արդյունքում բարձրանում է ծրագրային ապահովման որակը եւ նվազում սխալների հավանականությունը:
- Որո՞նք են որակի ապահովման մասնագիտության առաջնային խնդիրները Հայաստանում:
- Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին զարգացած է: Նախորդ տարեվերջի տվյալներով՝ երկրում գործում է 450-ից ավելի գրանցված ընկերություն, որոնք զբաղվում են տարբեր ոլորտներին վերաբերվող ծրագրային մշակումներով՝ թե հայ եւ թե արտասահմանցի պատվիրատուների համար: Ծրագրավորումը Հայաստանում որպես մասնագիտություն բավականին զարգացած է: Ձեւավորված են կրթական ծրագրեր բուհերի եւ ավագ դպրոցների համար, առկա են մասնավոր դասընթացներ, տեղի են ունենում փորձի փոխանակմանը միտված տարբեր մասնագիտական միջոցառումներ:
Պատկերը այլ է որակի ապահովման մասնագիտության դեպքում: Երկար տարիներ աշխատելով որպես QA մասնագետ՝ պարբերաբար առնչվել ենք մի շարք խնդիրների հետ, ինչպիսիք են մասնագիտության վերաբերյալ սխալ պատկերացումը, բուհերում տվյալ մասնագիտության զարգացման ծրագրերի գրեթե բացակայությունը, մասնագետների պակասը, ՏՏ ոլորտում մասնագետների աճող պահանջարկը, դասընթացների եւ սեմինարների սակավությունը, ՏՏ ոլորտում որակի ապահովման մասնագիտության զարգացմամբ զբաղվող կառույցի բացակայությունը:
Հայկական ՏՏ ընկերությունների մոտ 40%-ն աշխատում է արտասահմանյան պատվիրատուների հետ (outsource): Սրա հետ մեկտեղ քիչ չեն դեպքերը, երբ հայկական ընկերությունները QA խմբի աշխատանքները պատվիրում են արտասահմանյան կազմակերպություններին: Այսինքն, ունենք պոտենցիալ, ունենք շուկա, սակայն կա այն աստիճանի բաց, որ QA-ը աութսորս է արվում: Այս եւ մի շարք այլ խնդիրների լուծման համար այս տարի ստեղծվեց «Որակի ապահովման մասնագետների հայկական միություն» ՀԿ-ն:
- Ի՞նչ կարող է տալ հայաստանյան ՏՏ ոլորտին ISTQB-ին Հայաստանի անդամակցությունը։ - International Software Testing Qualifications Board-ը (ISTQB) հանդիսանում է որակի ապահովման ոլորտում միջազգային առավել տարածված եւ կշիռ ունեցող սերտիֆիկացիա տրամադրող կազմակերպությունը: Այն հիմնադրվել է 2002թ. Բելգիայում, ունի ազգային հարթակներ 54 երկրում, 450 հազարից ավելի որակավորում ստացած մասնագետ: ISTQB-ն առաջարկում է որակի ապահովման մասնագետների համար բազմամակարդակ որակավորում (Foundation, Advanced եւ Expert մակարդակներ՝ իրենց նեղ մասնագիտական ընդլայնումներով), որոնք ապահովում են մասնագիտական որակավորման բարելավում ինչպես սկսնակների, այնպես էլ կայացած մասնագետների համար:
Հոկտեմբերի 21-ին Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացավ ISTQB հերթական գլխավոր ասամբլեան, որի ընթացքում մենք ներկայացրինք ISTQB հայկական հարթակի նախագիծը` ArmSTQB–ն, որը քվեարկության արդյունքում հաստատվեց ISTQB ղեկավար մարմնի կողմից: Մասնակցելով բազմազգ ասամբլեային, մենք հաստատեցինք կապ ոլորտի մի շարք հայտնի մասնագետների հետ, որոնք պատրաստակամություն հայտնեցին հետագայում մասնակցել Հայաստանում անցկացվող միջոցառումներին:
Բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ միջազգային որակավորման քննությունների գինը Հայաստանում կլինի ամենացածրը տարածաշրջանում:
Հաջորդ կարեւոր հարցը դասընթացներն ու կրթական ծրագրերն են: Այս պահին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում անցկացվում է ISTQB Foundation մակարդակի դասընթաց: Կա պայմանավորվածություն «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հետ դեկտեմբեր-հունվար ամիսներին նմանատիպ դասընթաց անցկացնելու վերաբերյալ: Այս պահին փորձում ենք նախագծել նաեւ կրթական ծրագրեր բուհերի համար: Նախատեսվում է ավելի ընդլայնել եւ զարգացնել փորձի փոխանակման հարթակները՝ պարբերական սեմինարների եւ ազատ ոճի հանդիպումների շնորհիվ:
Եվս մեկ հնարավորություն, որն ArmSTQB–ի շնորհիվ արդեն հասանելի է հայկական ՏՏ ընկերություններին, համագործակցության հնարավորությունն է ISTQB-ի հետ:
Կախված QA թիմում ISTQB որակավորում ունեցող աշխատակիցների քանակից՝ ընկերությունը կարող է դիմել ArmSTQB/ISTQB Partnership ծրագրին եւ աշխարհին ներկայանալ միջազգային կշիռ ունեցող որակավորում ստացած որակի ապահովման թիմով:
Արթուր Մկրտչյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը