13:48 | 22.11.16 | Հարցազրույցներ | exclusive 29787

Մայքլ Կոգելեր. Պետք է ստեղծել միջավայր, որ ստարտափները ցանկանան մնալ ՀՀ-ում

Հոկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացավ FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնը, որի նպատակն էր միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները:

Հաքաթոնը կազմակերպվել էր «Դոմ-Դանիել» ընկերության եւ «Մայքրոսոֆթ Հայաստանի» կողմից՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ:

Itel.am-ը զրուցել է հաքաթոնին ներկա գտնվելու նպատակով Հայաստան ժամանած՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Մայքրոսոֆթ կորպորացիայի գլխավոր մենեջեր Մայքլ Կոգելերի հետ:

-Սա ձեր երկրորդ այցն է Հայաստան: Ի՞նչն է Ձեզ այստեղ զարմացնում:

-Առաջին անգամ այստեղ էի դեկտեմբերին, երբ Լիանա Կորկոտյանը նշանակվեց Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն: Չգիտեի, որ այստեղ այդքան տաղանդավոր մարդիկ կան: Առաջին այցիս ժամանակ այցելել էի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, որտեղ այդ ժամանակ մի քանի ստարտափներ էին գործում, եւ արդեն իսկ զարմացել էի այն լուծումների վրա, որոնց մշակման ուղղությամբ երիտասարդներն աշխատում էին:

photo © Մեդիամաքս


Ինձ շատ է զարմացնում ՏՏ ոլորտում կանանց ակտիվ ներգրավվածության փաստը: Ընդհանուր առմամբ, Հայաստանը չունի բնական պաշարներ, որոնցով իրեն կճանաչեն, սակայն ունի արժեքավոր այլ բան՝ մարդկային կապիտալը: Արժեք, որի գոյության մասին աշխարհը դեռ պետք է իմանա: Այս հարցում ՀՀ կառավարությունը պետք է իր դերակատարությունն ունենա՝ ներկայացնելով հայկական մարդկային կապիտալը: Ինձ թվում է, դա ոչ միայն ՏՏ-ին է բնորոշ, այլեւ մյուս ոլորտներին:

-Որպես Fintegration հաքաթոնի ժյուրիի անդամ, ինչպիսի՞ն են տպավորությունները ստարտափներից եւ նրանց ներկայացրած պրոդուկտներից:

-Երեք անգամ կասեմ՝ Wow: Զարմացած էի տեսնել նման գաղափարներ՝ իրարից էապես տարբերվող:  Զարմանալի է, թե մարդիկ ինչեր կարող են անել 24 ժամվա ընթացքում: Այդ դեպքում պատկերացրեք` ինչ կարող են անել, եթե համագործակցեն միմյանց հետո տարին 365 օր: Հարկավոր է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կրեն, եւ որ այստեղ հավաքված մարդիկ անընդհատ կապի մեջ մնան:

-Այնուամենայնիվ, ըստ ձեզ, հայկական ստարտափներն ի՞նչը պետք է բարելավեն:

- Կարծում եմ՝ նման միջոցառումներ պետք է կազմակերպել յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Համոզված եմ, որ Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր մարդիկ կան, որոնք կցանկանան մասնակցել նման միջոցառումների: Կարծում եմ՝ պետք է ավելի շատ աջակցենք երիտասարդներին՝ փիչինգին պատրաստվելու հարցում: Կարելի է որոշ ժամանակ ծախսել թրեյնինգներ կազմակերպելու վրա:

Հաճախ եմ ասում, եթե ունեք ֆանտաստիկ լուծում, սակայն այն լավ չեք ներկայացնում, որեւէ մեկը ձեզ չի հավատալու: Հարկավոր է առաջ շարժվել կոդ գրելու եւ բիզնեսի ուղղություններով եւս: Օրինակ այս հաքաթոնում կային հրաշալի գաղափարներ, սակայն հարց է առաջանում, լավ՝ ինչպե՞ս եք դրանով գումար աշխատելու:

- Ձեր վերջին ելույթներից մեկում միտք էիք արտահայտել, որ ստարտափի բնութագրիչներից է նրա պարզությունը: Ըստ ձեզ, հայկական ստարտափները պա՞րզ են մտածում:

- Լավ հարց է. այստեղ տեսածս ստարտափների մի մասը շատ ամբիցիոզ էր եւ փորձում էր միանգամից աշխարհը փրկել: Դա բացասական բան չէ, պարզապես աստիճանաբար գալիս է այն գիտակցությունը, որ պետք է սկսել ավելի փոքր բաներից:  Իմ նախորդ աշխատանքներից հասկացել եմ հետեւյալը՝ եթե ունես մեծ խնդիր, մի՛ փորձիր այն միանգամից լուծել, այլ բաժանի՛ր փոքր մասերի եւ առանձին-առանձին լուծի՛ր:

Ստարտափ երեւույթն արդեն իսկ պարզ բան է, քանի որ 3-4 մարդ առանց գումարի ինչ-որ բան են սկսում եւ փորձում այն շուկայի հիթ դարձնել:

- Ձեր երեք խորհուրդները հայկական ստարտափներին:

- Խիզա՛խ եղեք եւ մի՛ամաչեք: Նկատել եմ, որ այստեղ երիտասարդներն ամաչկոտ են, միգուցե լեզվական խոչընդոտներն են պատճառը: Մի՛ եղեք գոռոզ, բայց ոչ էլ ամաչկոտ:

Մայքլ Կոգելերը Մայքլ Կոգելերը
photo © Մեդիամաքս


Հաքաթոնի ընթացքում ես շրջում էի սեղանների մոտով, եւ երբ մոտենում էի յուրաքանչյուր սեղանի ու հարցնում՝ ի՞նչ եք անում, մասնակիցները միանգամից զգաստանում էին, կարծես դպրոցի իրենց ուսուցիչն էր մոտեցել: Մի՛ ամաչեք, քանի որ իրականում լավ բան եք անում, սակայն դա քիչ է, պետք է կարողանաք ձեր համարձակությամբ շուկայում աղմուկ հանել, որ մարդիկ իմանան ձեր պրոդուկտի մասին:

Մյուս խորհուրդս ուղղված է լինելու պետությանը՝ պետք է կառուցել ՏՏ էկոհամակարգ, եթե ցանկանում եք միջազգային ոլորտում մրցունակ լինել: Այս հաքաթոնի դեպքում հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս միջոցառումը համատեղ իրականացնում են մի շարք գործընկերներ՝ «Դոմ-Դանիել»-ը, Կենտրոնական բանկը, Մայքրոսոֆթ-ը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն: Նույն ձեւով կարելի է կապել ՏՏ-ն, օրինակ, իրավաբանների հետ, եւ նրանց մասնակցությամբ հաքաթոն կազմակերպել: Եթե դու հացթուխ ես, ապա հավանաբար լավ ես անում քո գործը: Դու ՏՏ-ի մասին ոչինչ չգիտես, սակայն ՏՏ-ն կարող է օգնել քեզ ավելի հեշտ ձեւով եւ որակյալ հաց թխել:

Երրորդ խորհուրդս է՝ մի՛ վախեցեք ձախողումից: Իմ թիմերին հաճախ եմ ասում՝ եթե ինչ որ բան եք սովորում սխալից, ապա հետագայում շատ ավելի մեծ հաջողությունների եք հասնելու:  

- Մոտ ապագայում կա՞ն Մայքրոսոֆթ Հայաստանի հետ համատեղ նախաձեռնություններ, որոնք վերաբերում են հայաստանյան ՏՏ ոլորտին:

- Այս պահին էլ ունենք ծրագրեր՝ միտված ստարտափներին աջակցություն տրամադրելուն: Պետք է աշխատել ստարտափներին մենթորություն տրամադրելու ուղղությամբ, ինչն անում ենք այլ երկրներում: ՀՀ-ում արդեն գործում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որտեղ շատ ստարտափներ կոդ գրել են սովորում եւ ոչ միայն:

Հայաստան այցիս ընթացքում խոսել եմ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ղեկավարության հետ՝ այստեղ ստարտափ ինկուբատոր բացելու հնարավորությունների մասին: Վերջերս նմանատիպ ինկուբատոր բացվեց Բուլղարիայում, որտեղ տարեկան 60 ստարտափ աջակցություն եւ խորհրդատվություն է ստանալու 24/7 սկզբունքով: Կցանկանայի, որ նման մի կառույց գործեր նաեւ Հայաստանում: Կարծում եմ՝ հարկավոր է խոսել ԿԲ-ի, մասնավոր ընկերությունների հետ: Գործընկերներ գտնելու դեպքում դա բավական իրատեսական գաղափար է:

Մայքլ Կոգելերը Մայքլ Կոգելերը
photo © Մեդիամաքս


-Եթե ավելի գլոբալ դիտարկենք, ի՞նչ քայլեր են հարկավոր տարածաշրջանում ձեռներեցության զարգացմանն աջակցելու համար:

- Խնդիրը ոչ թե ստարտափներ բազմացնելն է, այլ դրանք պահելը: Նկատվում է միտում, որ այն պահին, երբ ստարտափը բավարար միջոցներ ու հաջողություն է ունենում, անմիջապես տեղափոխվում է Սիլիկոնյան հովիտ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ստարտափները ցանկանան մնալ տարածաշրջանում: Ի՞նչ գիտեք՝ միգուցե այս հաքաթոնի թիմերից մեկն էլ մոտ ապագայում դառնա հաջողակ ընկերություն:

Բոլորը խոսում են Սփյուռքի մասին, ասում են՝ Հայաստանը հրաշալի վայր է, եթե դա այդպես է՝ ինչո՞ւ չեք վերադառնում հայրենիք, ասեք ինձ: Սա փաստում է, որ երկրում խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Մինչեւ այդ խնդիրները չլուծվեն, ցանկացած ստարտափ, հաջողակ դառնալով, բացելու է պատուհանը եւ դուրս է թռչելու:  

- Արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումն այսօր տեխնո աշխարհի ամենաթեժ ուղղություններից են: Ձեր կարծիքով՝ ո՞ւր կտանի դրանց զարգացումը:  

- Ես չեմ կարծում, որ ռոբոտները կվերցնեն կյանքի ղեկն իրենց ձեռքը: Նաեւ ինձ չի թվում, որ կգա մի ժամանակ, երբ կսկսենք ապրել այնպիսի աշխարհում, որտեղ էլ չենք խոսի միմյանց հետ, իսկ համակարգիչները ամեն բան կանեն մեր փոխարեն: Իրականում թող մեքենաներն անեն միայն այն, ինչ մարդը ինքը չի ցանկանա անել:

Պետք է հիշել, որ մեքենաները կրեատիվ չեն, եւ չեմ կարծում, որ դրանք երբեւէ կրեատիվ կդառնան: Աշխարհում ամենաբարդ մեքենան մարդու գլուխն է: Գիտեմ, որ շատ մարդիկ վախենում են ռոբոտներից, սակայն պետք չէ վախենալ, նրանք մեր կյանքը հեշտացնելու համար են ստեղծվում: Ավելին՝ նրանց զարգացումը կարող է օգնել մարդկությանը հասկանալու իր պոտենցիալը:

- Մայքրոսոֆթի ո՞ր պրոդուկտներն եք օգտագործում իրական կյանքում:

- Դրանք բազմաթիվ են, օրինակ՝ Office 365-ը, Wunderlist-ը, Skype-ը, OneNote-ը, OneDrive-ը, LinkedIn-ը:

Սմարթֆոնս Android համակարգով է աշխատում, ունեմ iPAD mini եւ Microsoft Surface Book: Ես ամեն ինչ եմ օգտագործում: Դա նորմալ է, քանի որ մենք ամպային ընկերություն ենք եւ ամպային ծառայություններից ենք գումար վաստակում:

Մայքլ Կոգելերի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը