11:47 | 24.11.16 | Նորություններ | 11766
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (Entrepreneurship and Product Innovation Center - EPIC) ընդունում է ստարտափ ինկուբացիոն ծրագրի մասնակցության հայտեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է: Հայտը հասանելի է այստեղ:
Թիմերում պետք է լինի ՀԱՀ-ում սովորող առնվազն մեկ ուսանող, կամ թիմի անդամների կեսից ավելին պետք է լինեն ՀԱՀ շրջանավարտներ:
Ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվա հունվարին եւ կշարունակվի մինչեւ մայիս: Թիմերը կստանան աշխատանքային տարածք եւ համակարգիչներ ՀԱՀ-ի տարածքում, խորհրդատվություն փորձառու մենթորներից, մտավոր սեփականությանը վերաբերող եւ իրավաբանական խորհրդատվություն: Նրանք կկարողանան օգտագործել նաեւ EPIC-ի նախատիպային լաբորատորիայի ներուժը (Prototyping Lab):
Առաջին փուլի ընթացքում ընտրված թիմերը կշարունակեն մասնակցել ամառային ծրագրին, ինչը հնարավորություն կտա նրանց կենտրոնանալ իրենց պրոդուկտների եւ ծառայությունների զարգացման վրա: Այդ փուլում կենտրոնը թիմերի յուրաքանչյուր անդամի կտրամադրի ամառային կրթաթոշակ, ինչպես նաեւ սաղմնային դրամաշնորհ ստանալու հնարավորություն՝ ուղղված ստարտափի զարգացմանը:
Նորաբաց EPIC կենտրոնը բուհ-ում տեղակայված առաջին ձեռներեցական կենտրոնն է Հայաստանում, որն իր բոլոր ռեսուրսներն ուղղում է համալսարանական մակարդակով ստարտափների ինկուբացիոն գործընթացի իրականացմանը: