10:39 | 14.11.16 | Նորություններ | 10920

Հայտնի են Smarter Armenia’ 16 հաքաթոնի հաղթողները

Նոյեմբերի 11-ին նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների նորաբաց կենտրոնում (ISTC) ամփոփվել են Smarter Armenia’ 16 երկօրյա հաքաթոնի արդյունքները, որին մասնակցել է 13 թիմ:

Ժյուրին, որը կազմված էր «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության («Ռոստելեկոմ Արմենիա»), Արդշինբանկի, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության, IBM-ի եւ «Գրանատուս Վենչուրս»-ի ներկայացուցիչներից, հաղթողներ է ընտրել 5 անվանակարգերում՝

- «Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» - հաղթող ճանաչվեց Triple-E թիմը՝ արժանանալով $1000 մրցանակի Ռոստելեկոմի կողմից:

- «Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում» հաղթել է Finely թիմը, որը Արդշինբանկի կողմից ստացավ $1000 մրցանակ:

-«Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ «Ինգո Արմենիա» ապահովագրականը $1000 մրցանակ են հանձնել Yamaka թիմին:
 
- IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար ISTC-ի կողմից հատուկ մրցանակ ($500) է ստացել ArmSol թիմը:

- IBM Watson-ի եւ BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի է արժանացել 2 թիմ՝ Worst ever team-ը եւ ArmSol-ը: Վերջիններիս հնարավորություն է ընձեռնվել միանալ IBM Global Entrepreneur ծրագրին եւ  ստանալ $120 հազ. կրեդիտ` ամպային ծառայությունից օգտվելու համար։  

Smarter Armenia ’16 հաքաթոնն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում՝ ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:

ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: